Բաժիններ՝

«Շատ լավ տղերք ենք ունեցել, որոնք այսօր չկան… Բայց իրենց ծնողներին ես կարող եմ ասել, որ իրենց երեխաների վրեժը լուծել ենք». վիրավոր զինծառայող

Սերժանտ Էդիկ Մարտիրոսյանը ծառայում է Մատաղիսում: Այս օրերին նա բուժում է ստանում ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Ապրիլի 1-ին Էդիկը բարձրացել է դիրքեր՝ մարտական հերթապահության: Ապրիլի 4-ին՝ ժամը 4-ի սահմաններում, վիրավորվել է մարմնի տարբեր հատվածներում՝ ոտքերի, ձեռքերի, թևերի, դեմքի շրջանում: «Հակառակորդի կողմից հանկարծակի ականանետի պայթյունից վիրավորվել եմ»,- պատմում է Էդիկը: Նա 22 ամսվա զինծառայող է: «Քիչ ժամանակ է մնացել, չեմ համբերում, ուզում եմ բարձրանալ մարտական դիրքեր: Շուտ ապաքինվեմ, բարձրանամ մարտական դիրքեր, ընկերներիս, հրամկազմի կողքին լինեմ»,- ասում է Էդիկը:

Նա նշում է՝ բուժումը նորմալ ընթանում է. «Բժիշկների կողմից ստանում եմ շատ լավ, նորմալ վերաբերմունք: Պատրաստվում եմ շուտ ապաքինվել, բարձրանալ դիրքեր՝ ընկերներիս մոտ»: Էդիկն ասում է՝ դեռ կիսատ գործեր ունի. «Ճիշտ է՝ ես շատ բան եմ արել, հակառակորդը, այսպես ասած, տեղը հանեց, բայց ուզում եմ մարտական դիրքեր բարձրանալ: Հակառակորդ կողմին պատասխան կրակ տալու համար պատրաստ եմ ցանկացած պահի, ցանկացած պայմաններում՝ թեկուզ վիրավոր»:

Էդիկի խոսքով՝ պարբերաբար կրակոցներ եղել են, սակայն այս ծավալի գործողություններ չեն եղել. «Այս անգամ, այսպես ասած, լայնածավալ էր: Օգտագործել են զենքեր, որոնք չի եղել այդ ընթացքում, բայց այդ անգամ օգտագործեցին: Պատասխան կրակը տվել ենք, կարելի է ասել՝ եռակի, քառակի անգամ»:

Նա ասաց, որ ողջ հայությունը պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած պայմաններում հակառակորդին ետ մղել, իսկ սահմանը պաշտպանում է հայ զինվորը, ով սուրբ գործ է կատարում. «Մարտական դիրքեր բարձրանալուց առաջ մենք երդում ենք տալիս, որովհետև սուրբ գործ ենք անում՝ հայրենիքի պաշտպանություն: Կոնկրետ ես պատրաստ եմ թեկուզ կյանքի գնով պաշտպանել հայրենիքս, հողս, ընտանիքիս, ծնողներիս, քույրերիս»: Սահմանին կանգնած իր ընկերներին, բոլոր զինծառայողներին Էդիկը կոչ է անում պինդ մնալ. «Թող իմանան, որ ես իրենց կողքին եմ: Շուտ ապաքինվեմ, գնամ, հասնեմ իրենց»: Էդիկի նպատակն ապաքինվելուց հետո զորամաս, մարտական դիրքեր մեկնելն է. «Անհամբեր սպասում եմ դրան»: Էդիկի ընկերը ևս վիրավորում է ստացել, այժմ բուժում է ստանում այլ հոսպիտալում: «Շատ լավ տղերք ենք ունեցել, որոնք այսօր չկան: Բայց իրենց ծնողներին ես կարող եմ ասել, որ իրենց երեխաների վրեժը հաստատ եռակի, քառակի անգամ տվել ենք, վրեժը լուծել ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս