«Ագրամունտն աջակցել է Ալիևի ռեժիմին». Նաիրա Զոհրաբյանը` ԵԽ ԽՎ-ում
Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշարջանը, որի օրակարգում պետք է լինի նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության բռնկման հարցը: ԵԽ ԽՎ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ գարնանային նստաշրջանի առաջին օրը՝ ապրիլի 18-ին, պլանավորվում է քննարկումներ անցկացնել «Ղարաբաղյան հակամարտության վերջին և ողբերգական սրումը» թեմայով, սակայն թեման քննարկման չդրվեց, քանի որ ԵԽ ԽՎ քաղաքական բյուրոն որոշել էր չքննարկել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, որպես առանձին հարց:
Սակայն այսօր, այնուամենայնիվ, ԵԽԽՎ քննարկումները չշրջանցեցին ԼՂ հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմը, որին իր խոսքում անդրադարձավ նաև Հունաստանի պատգամավոր Իոանետտա Կավվադիան, ով հանդես էր գալիս որպես գլխավոր զեկուցող: Նա նշեց, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել, որտեղ էլ՝ այն լինի և ԵԽ ԽՎ-ն հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է:
Նա նաև մեջբերեց ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի այն հայտարարությունը, որում նա կոչ էր անում կողմերին մեղմել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում:
Ի պատասխան Կավվադիային՝ իր մտահոգությունը հայտնեց ԵԽ ԽՎ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, մեղադրեց ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին ԼՂ հակամարտության հարցում իր ոչ չեզոք դիրքորոշման համար:
«Ագրամունտն աջակցել է Ալիևի ռեժիմին, այնինչ Ագրամունդը պետք է պաշտպանի Եվրոպայի քաղաքացու շահերն ու չաջակցի բաց դաժանությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, երբ պատերազմը Ղարաբաղում դեռ շարունակվում էր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը, հորդորելով կողմերին հարգել հրադադարը և արագ վերադառնալ ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցություններին, հայտարարել էր․- «Կոչ եմ անում հեռացնել ողջ հայկական զինուժը Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»: Հիշեցնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը 2001 թվականին ԵԽ ԽՎ-ին միանալիս պարտավորվել էին կիրառել միայն խաղաղ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրենց հակամարտությունը լուծելու համար, Ագրամունտը կոչ էր արել երկու երկրների կառավարություններին զերծ մնալ բռնություններից: Ագրամունտը նաև ողջունել է «Ադրբեջանի կողմից հայտարարված միակողմանի հրադադարը»: