Բաժիններ՝

ԲՈՀ-ը մոտ 230 աշխատանք վերադարձրել է խորհուրդներ

Բարձրագույն որակավորման հանձաժողովը մի շարք բարեփոխումներ է իրականացնում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին կատարվել են կանոնակարգային մի շարք փոփոխություններ` մեծացնելով մասնագիտական խորհուրդների պատասխանատավությունը:

«ԲՈՀ-ում կատարվում է մանրակրկիտ աշխատանք: Մենք տարեկան ունենում ենք 500 պաշտպանություն: Սա առաջին հայացքից մեծ թիվ է երևում, բայց եթե այդ թվից, կոպիտ հաշվարկով, հանում ենք նրանց, ովքեր, չգիտես ինչու են պաշտանում, միգուցե նաև դրանով ձգտում են բանակից ազատվել, ինչպես նաև հանում ենք մեզ մոտ պաշտպանած իրանցիների թիվը, ապա մնում է մոտ 300 պաշտպանություն: Դա մեծ թիվ չէ: Վերջին տարիներին ԲՈՀ-ի աշխատանքի շնորհիվ մոտ 230 աշխատանք վերադարձվել է խորհուրդներ: Պարզ է, որ դա բավական մեծ թիվ է կազմում: Միայն այս տարի 26 աշխատանք է վերադարձվել: Դա խոսում է թե հայցորդների, թե մասնագիտական խորհուրդների թերությունների մասին: Դրա հետ կապված մենք կանոնակարգում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել: Մասնավորապես, խստացվել է քվեարկությունը, դրանից բացի, եթե երեք անգամ նույն տարվա մեջ մեկ մասնագիտական խորհրդին ետ է ուղարկվում որևէ աշխատանք, ապա ԲՈՀ-ն իրավունք ունի վերակազմավորել խորհուրդները»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:

ԲՈՀ-ի նախագահը նշեց, որ քիչ չեն ատենախոսությունների արտագրությունների դեպքերը: Եթե դա պարզվում է, ապա ԲՈՀ-ը, կարող է միանգամից մերժել, և թույլ տալ այդ աշխատանքի պաշտպանություն վերամշակելուց հետո, այն էլ՝ մեկ տարի անց: Լիլիթ Արզումանյանը հույս հայտնեց, որ նշված փոփոխությունները կարող են նպաստել գիտական աստիճան ստանալու գործընթացի արժևորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս