«Այդ պահանջն ապուշություն է». Ստեփան Դանիելյանը՝ ՌԴ-ի առջև դրված՝ Ադրբեջանին զենք չվաճառելու պահանջի մասին
«Պատերազմի ժամանակ երևում են բոլոր այն բացերը, որոնք տարիների ընթացքում կուտակվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի մասին:
Նրա խոսքով՝ մենք տեսանք մեր ռազմական տեխնիկայի բոլոր թերությունները, կոռուպցիայի հետևանքները. «Բայց ինչո՞ւ է բանակն այդ վիճակում, կա տնտեսության խնդիր, տնտեսությունը չի զարգանում, հակառակը՝ հետընթաց է ապրում, որովհետև չկա գումար, իսկ ինչո՞ւ չկա գումար, ինչո՞ւ է տնտեսությունը հետընթաց ապրում, որովհետև կա քաղաքական համակարգի խնդիր, քաղաքական համակարգի խնդիրը նշանակում է, որ չկա իշխանություն-հասարակություն վստահություն, դա նշանակում է՝ այնպիսի համակարգ է ձևավորված, որ տականքը գալիս է ջրի վերև, իսկ մյուս մարդիկ դուրս են մնում համակարգից: Ինչո՞ւ պատերազմը եղավ, որովհետև Ադրբեջանը գիտեր այս վիճակը: Մարդիկ հաշվել են, որ մի այսպիսի հարված պետք է տային, և հաջորդ քայլերը նույնպես ունեն: Իսկ ի՞նչ հաջորդ քայլեր մենք ունենք, պարզ չէ»:
– Բայց մենք տեսանք, որ ռազմական հաջողություններ գրանցեցինք, այդ դեպքում՝ դա ինչո՞վ էր պայմանավորված:
– Այդ Ձեր ասած հաջողությունն ինչո՞վ էր պայմանավորված, դա պայմանավորված էր մարդկային գործոնով, զինվորներ կային, սպաներ կային, որոնք ժամանակակից տեխնիկայի դեմ պատերազմեցին ու իրենց մարդկային գործոնի պատճառով կարողացան դիմակայել: Հիմա թե ի՞նչ հասկացավ Ադրբեջանը, դա իրենց խնդիրն է, մենք պետք է հասկանանք՝ իսկ ի՞նչ հասկացանք մենք, դա արդեն մեր խնդիրն է, սակայն, եթե հետևենք իշխանությունը ներկայացնող մարդկանց արձագանքներին, ապա մենք այդ գնահատականները չենք տեսնում: Եթե չկան գնահատականները, նաև եզրակացությունները չեն լինելու: Այսինքն՝ ամեն ինչ նույն ձևով շարունակվելու է, մինչև, կարող է՝ շատ վատ բաներ կատարվեն:
– Տեղի ունեցավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, ինչպե՞ս եք դա գնահատում, և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ այս իրավիճակում:
– Ոչ մի բան էլ չի կարող փոխվել, գործող նախագահը կարող է առաջին նախագահի հետ հանդիպել, կարող է բանակցություններ սկսել Տիգրան Սարգսյանի հետ, կարող է կաթողիկոսների հետ հանդիպել և նման աշխատանքային հանդիպումներ ունենալ, բայց դրանք ունեն զրո նշանակություն, ոչ ոքի չի հետաքրքրում, թե ով ում հետ ինչ խոսեց, կան կոնկրետ հարցեր, այդ հարցերի պատասխանը տրված չէ, իսկ թե այնտեղ առաջին նախագահը, երրորդ նախագահն ի՞նչ կանեն՝ իրենց խնդիրն է, իրենք ուղղակի քաղաքական գործընթացի պատրանք են ստեղծում:
– Այս ընթացքում աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ դերակատարություն ունեցան նրանք այս քառօրյա պատերազմում:
– Ռուսաստանի համար, կարծում եմ՝ շատ վտանգավոր էր այն, որ այս Եվրասիական միության երկրների մի զգալի հատվածը, ըստ էության, համերաշխություն հայտնեցին Ադրբեջանին, այսինքն՝ Թուրքիային, և դա ոչ միայն՝ թուրքական երկրներն էին, այլ նաև՝ Բելառուսը: Դա Ռուսաստանի համար շատ վտանգավոր նշանակություն ունի, այսինքն՝ Ռուսաստանը ԵՏՄ-ի հետ իր անկողինն արդեն օտար անձ է ներս թողել՝ Թուրքիային, իսկ թե դա ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար, դա արդեն իրենց որոշելիքն է:
– Հատկապես սահմանային նման լարված իրավիճակների ժամանակ հայ հասարակության մի հատվածի մոտ էլի առաջանում է այն հարցադրումը, թե ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում իր ռազմավարական գործընկերոջը, որ նա դադարեցնի զենք վաճառել Ադրբեջանին, երեկ էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր տեղի ունենում այդ պահանջով: Դուք որքանո՞վ եք դա իրատեսական համարում:
– Նախ՝ այդ պահանջն ապուշություն է, որովհետև միջազգային քաղաքականության մեջ կան շահեր, եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադբեջանին, ուրեմն՝ ինչ-որ հաշվարկներ ունի, քաղաքականության մեջ յուրաքանչյուրը մենակ է, և կան շահեր որոնք միավորում են երկրներին: Հիմա նման պահանջներ դնել որևէ մեկի առաջ՝ արդեն հիմարություն է, պահանջներ կարելի է դնել սեփական երկրի ղեկավարության առաջ՝ շատ կոնկրետ, հստակ պահանջներ, այլ երկրի առաջ պահանջներ դնելը, այն էլ՝ հասարակության կողմից, դա ուղղակի ծիծաղելի է: