«Հայաստանը Ռուսաստանի պատանդն է, և մեր 92 զոհերի ամբողջ մեղքն այդ պատանդային վիճակը ստեղծողների վրա է»

ՀՀ կառավարությունը նախատեսում է Ռուսաստանի հետ կնքված 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի շրջանակներում ձեռք բերել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ` դրանց համար նախատեսված զինամթերքով, «Իգլա-Ս» համակարգի զենիթային հրթիռներ, «Ավտոբազա-Մ» կատարողական ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համալիրներ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետ համակարգեր` տրանսպորտային լիցքավորման մեքենաներով, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 հակատանկային ռեակտիվ նռնականետ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, և այլն: Արդյոք ՌԴ-ն ներկայիս պայմաններում ետ չի՞ կանգնի պայմանագրային իր պարտավորություններից: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

– Պարոն Մեհրաբյան, հնարավո՞ր է, որ Ռուսաստանը ներկայումս խոչընդոտներ ստեղծի Հայաստանին սպառազինության մատակարարման հարցում:

– Խնդիրն այն է, թե հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ փոփոխություն է մտնում: Ի վերջո, պարոն Ռոգոզինն ամենալավ ձևով նկարագրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Հիմա այդ շրջանակներում Հայաստանին ինչ-որ բան գուցե և տան, դա շատ հավանական է, բայց դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև Ադրբեջանին տալու են շատ ավելի մեծ ծավալի ու հզոր զինատեսակներ` օգտագործելով այդ նավթային գործոնը, և մի կողմից՝ լկտիացնելով Ալիևի ռեժիմին, իսկ մյուս կողմից` Հայաստանին ավելի խորը փակուղի մտցնելով: Եվ պարոն Ռոգոզինը բացատրեց, թե ինչու է դա արվում` որովհետև այդպես իրենք պայքարում են իրենց մրցակիցների դեմ, և հանուն այդ քաղաքականության հայերը պետք է շարունակեն զոհվել այն ժամանակ, երբ Ալիևի և Պուտինի համար հարմար կլինի, ինչպես եղավ ապրիլի 2-ին: Եվ ես չեմ կարծում, որ դրանից պետք է ինչ-որ էյֆորիայի մեջ ընկնել:

– Այս զինատեսակները ստանալուց հետո ի՞նչ կփոխվի, Ադրբեջանն ավելի զո՞ւսպ կլինի:

Կարդացեք նաև

– Այդ զինատեսակներով չէ Ադրբեջանի զուսպ լինել կամ չլինելը չափվելու, այլ մի քանի գործոնով` Ադրբեջանն արդեն այս քառօրյա պատերազմի ընթացքում հայկական բռունցքով ստացավ ատամներին, և դա է գլխավոր զսպող գործոնը, իսկ բացի դրանից՝ նաև շատ բան կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքան վճռական իրեն կդրսևորի դիվանագիտական հարթակում, և երրորդ` Արևմուտքը մեծ անելիք ունի` այստեղ Ռուսաստանի կողմից կառավարելի պատերազմներ հրահրելու լծակներից զրկելու ուղղությամբ:

– Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով զրկեն այդ լծակներից:

– Այստեղ ավելի շատ ներկա լինելով և գործընթացն իր ձեռքը վերցնելով, այլ ոչ թե՝ թողնելով ռուսների քմահաճույքին:

– Հայաստանում Ռուսաստանի դեմ աճող զայրույթը, տեղի ունեցող բողոքի ցույցերն ի՞նչ ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների և Ռուսաստանի պահվածքի վրա:

– Դա արդեն ունեցել է, այն իլյուզիաները, թե իբր Ռուսաստանը մեր դաշնակիցն է, կամ մենք ենք Ռուսաստանի դաշնակիցը, դրանք հօդս ցնդեցին, մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք Ռուսաստանի պատանդն ենք, և այսօր Հայաստանի հասարակության և պետության խնդիրն է՝ այդ պատանդային վիճակից երկիրը դուրս բերել, որովետև մեր 92 զոհերի ամբողջ մեղքն այդ պատանդային վիճակ ստեղծողների վրա է: Նախ և առաջ` այդ մարդկանց պետք է անուն առ անուն նշել հայկական կողմից, և երկրորդ` պետք է այդ մարդիկ դուրս դրվեն քաղաքականությունից: Սա պետք է լինի հասարակության կողմից գլխավոր անելիքը, իսկ քաղաքական ուժերը ձևակերպեն այդ պահանջը համապատասխան ձևով: Եվ, այո´, Հայաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջ համալիրը: Այսօր արդեն «Ազատ դեմոկրատների» ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հստակ առաջին քայլն արել է` Ազգային ժողով է ներկայացրել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ: Այո, պետք է սկսել այդ պսևդոինտեգրացիոն կառույցներից Հայաստանի դուրս գալու գործընթաց, դրանք ոչ թե ինտեգրացիոն կառույցներ են, այլ քրեակատարողական հիմնարկություններ, որտեղ Հայաստանը գտնվում է կալանավորի դերում այն մեղքի համար, որ չի հասկացել, թե ուր են իրեն քարշ տալիս, ինչպես նաև՝ ոմանց ագահության պատճառով:

– Փաստն այն է, որ ՀՀ վարչապետը գնաց և մասնակցեց ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստին:

– Մեզ պետք չէ այդպիսի վարչապետ:

– Այսինքն` մեր իշխանություններն այս ամենից ճիշտ հետևություններ չե՞ն արել:

– Դուք շատ մեղմ եք ասում` «ճիշտ հետևություններ չեն արել»: Մեր իշխանություններն ամեն ինչը թարս են պատկերացնում, գլխիվայր: 

Տեսանյութեր

Լրահոս