Բաժիններ՝

«Նրանք մե´ր երեխաներն էին ու բոլորս դարձանք որդեկորույս»

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվորը քողազերծեց հակառակորդի նորագույն սպառազինության «հզորության» առասպելը: Այս մասին ասված է առաջնագիծ մեկնած կամավորականների տարածած հայտարարությունում:

«Մենք պատմական օրեր ենք ապրում, որոնք բնութագրվում են ո´չ միայն անձնազոհությամբ ու հերոսությամբ, ո´չ միայն ողբերգությամբ և զինվորների ու սպաների կորստյան անչափելի վշտով, այլև միայն 1988-ի համազգային զարթոնքի հետ համեմատվող միասնականությամբ: Այդ զարթոնքի առարկայական կրողները, ինչպես քառորդ դար առաջ, կրկին դարձանք մենք, ու վերստին առանց երկմտելու, մեկնեցինք մեր իսկ գծած սահմանները` կանգնելու Արցախյան ազատամարտի տարիներին դեռ չծնված մեր երեխաների կողքին: Այն զինվորների ու սպաների կողքին, ովքեր մահվան դեմ հանդիման մնալով, աննահանջ կռվով, իսկ երբեմն` իրենց ծաղիկ կյանքերի գնով քողազերծեցին հակառակորդի նորագույն սպառազինության «հզորության» առասպելը: Նրանց որոնեցինք մարտական հենակետերում, կրակի տակ ու զոհեր տալով որոնեցինք չեզոք գոտում, բայց քչերին գտանք, մինչև վերադարձվեցին նրանց հոշոտված մարմինները: Նրանք մե´ր երեխաներն էին ու բոլորս դարձանք որդեկորույս` կորցնելով ո´չ միայն հերոսի մահով ընկած տղաներին, այլև նրանց չծնված երեխաներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Առաջնագիծ մեկնած կամավորների խոսքով՝ անհնար է բառերով արտահայտել բոլորիս պատած այս անչափելի վիշտն ու զայրույթը, նկարագրել այն ապրումները, որն ունենում ենք մեր ազատագրած շեները կրկին ավերված ու ծխացող տեսնելիս, երբ թվում է, թե ինչ-որ մի դիվային ժամանակի մեքենա մեզ փորձում է ետ նետել դեպի անցած պատերազմի օրերը:

«Բանակի հետ միասին մենք ջախջախել ու այսուհետ ևս կջախջախենք հակառակորդի մահաբեր հարձակումները: Բայց այսօր ո´չ միայն անձնազոհության ու հերոսության, այլ առաջին հերթին համախմբվածության ժամ է: Ինչպես բոլոր դարերում, այնպես էլ հիմա դա է մեր հաղթանակների մեծագույն գրավականը: Եվ մենք, հիմա պաշտպանելով Հայաստանի ու Արցախի սահմանները, թիկունքում գտնվողներիդ միայն խնդրում ենք պահպանել և հզորացնել ողջ հայության միասնականությունը, որպես ամենամեծ հարգանքը կոլեկտիվ սխրանք գործելով զոհված տղաների հիշատակին: Այդ դեպքում մենք կրկին հաղթանակով կվերադառնանք տուն, իսկ մեզ պատուհասած այս օրհասի օրերը կդառնան հայոց նորագույն պատմության աստեղային ժամը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս