«Ռուսական կողմի վարքագիծը, մեղմ ասած, տարօրինակ է». Ալեքսանդր Գրիգորյան
168.am-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված պատերազմական իրավիճակի և դրա հետևանքների շուրջ զրուցել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, Ձեզ համար սպասելի՞ էր ադրբեջանական կողմի վերջին օրերին հրահրած բլից-կրիգը՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին:
– Անկեղծ ասած՝ ո´չ, ինձ համար շատ անսպասելի էր վերջին օրերին ադրբեջանական կողմից դրսևորված «ակտիվությունը», որովհետև ես գիտեմ ադրբեջանցի մշակութային շատ գործիչների, ովքեր ինձ հետ իրենց զրույցներում մեկ անգամ չէ, որ խոստովանել են, որ ղարաբաղյան կողմից սպասվող զիջումների կամ տարածքային նվաճումների հետ կապված իրենք այլևս ոչ մի հույս չունեն: Նրանք բազմիցս ինձ բառացի խոստովանել են, որ, ցավոք, իրենք Ղարաբաղն արդեն անվերադարձ կորցրել են ու այլևս չունեն ոչ մի հույս՝ այն կրկին վերադարձնելու համար: Ես այդ մարդկանց հանդիպել եմ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ՝ տարբեր թատերական փառատոների ու ֆորումների ընթացքում: Դա էր պատճառը, որ ես ոչ մի հիմք չունեի մտածելու, թե նրանք կարող են այսպիսի նախահարձակ տրամադրվածությամբ մի գիշերվա ընթացքում հարձակվել մեզ վրա: Ընդ որում՝ ես համոզված եմ, որ ոչ միայն ես եմ անակնկալի եկել այստեղ՝ Հայաստանում, այլ նաև այն ադրբեջանցիները, ովքեր այդպես էին մտածում, այնտեղ՝ Ադրբեջանում, ովքեր պրակտիկորեն արդեն համակերպվել էին այդ մտքի հետ:
– Ի՞նչ պատահեց ուրեմն, Ձեր կարծիքով, նրանց հետ, ովքեր արդեն պրակտիկորեն համակերպվել էին իրենց այդ իրականության հետ, որը նաև օբյեկտիվ իրականությունն է:
– Ինձ թվում է՝ սա Ալիև կրտսերի հուսահատության ժեստն էր՝ իր հայրենիքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր, ես կասեի՝ արդեն անհաղթահարելի ճգնաժամի ֆոնին: Ինձ թվում է՝ սա մի քայլ էր՝ մեկ անգամ ևս իր մասին հիշեցնելու, որովհետև արդեն պարզ է, որ այդ երկրում սոցիալական անմիթար պայմանները հատել են թույլատրելիի բոլոր սահմանները:
– Ամեն դեպքում Դո՞ւք էլ այն կարծիքին եք, որ Իլհամ Ալիևն այսպես փորձ արեց շեղել սեփական երկրի բնակիչների ուշադրությունը:
– Անկասկած, որովհետև նա հասկացել է, որ իրենք այլևս ոչ մի շանս չունի այլ կերպ վարվելու: Խնդրում եմ, այս տեսանկյունից ուշադրություն դարձրեք ոչ միայն՝ միջազգային հանրության վերաբերմունքին այդ երկրի ներսում կատարվող զարգացումների վերաբերյալ, այլ նաև՝ սեփական ժողովրդի՝ ադրբեջանցիների, տրամադրություններին ներսում: Իսկ մի՞թե ձեզ թվում է՝ Ալիև կրտսերը համաձայն է հաշտվել այս տրամադրությունների հետ: Իհա՛րկե ոչ: Ինքը կպայքարի մինչև վերջ՝ հնարավոր բոլոր մեթոդներով, այդ թվում՝ նաև ռազմական հարձակումներ ծրագրելով ու իրականացնելով մեր դեմ: Նորից եմ կրկնում՝ սա ո՛չ ավել, ո՛չ պակաս, հուսահատության ժեստ էր:
– Քիչ առաջ Դուք միջազգային հանրության վերաբերմունքի մասին խոսեցիք, որ վերաբերում էր Ադրբեջանի ներքին սոցիալ-տնտեսական վիճակին: Իսկ ինչպե՞ս են նրանք արձագանքում այս օրերին՝ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական իրավիճակին:
– Սա տիպիկ, իրենց շատ բնորոշ, ամենասովորական դիրքորոշումն է, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը սովորաբար դրսևորում է հակամարտող կողմեր ունեցող երկու երկրների միջև: Նրանք մեզանից որևէ մեկին չե՛ն պաշտպանում, և նույն հաջողությամբ՝ որևէ մեկին չե՛ն մեղադրում, համենայն դեպս, բացահայտ: Եթե կուզեք՝ դա նրանց պարտականությունն է՝ հակամարտող կողմերի միջև ցուցաբերել հավասար մոտեցում՝ չվիրավորելու համար որևէ կողմի: Ահա հերթական անգամ ընդունված վարքագծի համաձայն էլ իրենք դրսևորեցին իրենց: Իսկ մի՞թե դուք կասկած ունեք, որ իրենք հստակ տիրապետում են իրական պատկերին, այն է, որ Ադրբեջանն է հերթական անգամ խախտել հրադադարի պայմաններն ու նախահարձակ եղել: Նույն կերպ նրանք շատ լավ հասկանում են, որ հայաստանյան կողմը նման բան անելու բացարձակ ոչ մի պատճառ կամ հիմնավորում չուներ և չունի: Հայկական կողմը գոհ էր ու վստահ այն իրավիճակով, որը տնօրինում էր լավագույնս, մինչ այս բախումը:
– Ուրեմն ի՞նչ ենք մենք ակնկալում միջազգային հանրությունից ստեղծված իրավիճակում:
– Գիտեք, դուք ճիշտ եք՝ մենք ինչ-որ բան նրանցից սպասում ենք, և դա էլ երևի նորմալ է, բայց եկեք ընդունենք, որ նրանք ոչինչ անել չեն կարող, չէ՞ որ նրանք նույնիսկ ընդունակ չեն պարզունակ և օբյեկտիվ քայլի՝ մեղադրելու պատերազմ հրահրող հանցագործ կողմին: Նրանք վախենում են բարձրաձայնել իրականությունը, ուղղակի վախենում են: Ահա սա է ամենասարսափելի իրականությունը:
– Մեր դիվանագիտական կորպուսից ի՞նչ եք սպասում:
– Մենք ցանկացած պահի պետք է պատրաստվենք մեծ պատերազմի: Միայն այս տարբերակով մենք կարող ենք, ի վերջո, վերջ դնել տարիներ շարունակ չդադարող այս լարված իրավիճակին: Կարճ ասած՝ ամեն պահի մենք պետք է պատրաստ լինենք դիմադրելու հարվածի, որ մեզ համար կլինի՝ գոտկատեղից ցած:
– Վերջին օրերին մենք բացահայտեցինք, որ մեր սպառազինությունը, մեղմ ասած՝ թույլ է: Այդ մասին ասաց նաև նախագահ Սարգսյանը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
– Ես կարծում եմ՝ նախագահ Սարգսյանը երբեք չի խաբել ու հիմա էլ չի խաբում: Մեզ պարտադրված այս պատերազմին ինչպես հարկն է պատասխան տալու համար մենք նոր փուլ ենք թևակոխում՝ ավելի լուրջ, ավելի մասշտաբային ու ավելի դաժան պատասխան պատրաստելով թշնամուն: Այլ ելք մենք պարզապես չունենք՝ պարտադրված պատերազմին պետք է պատասխանել շատ կոպիտ: Իսկ ինչ վերաբերում է մեր սպառազինության որակին կամ մակարդակի մասին խոսակցություններին, ապա ես կասեմ միայն՝ «Еще не вечер»: Սա միգուցե մի տարբերակ է՝ ժամանակ շահելու, փորձելու հասկանալ, թե էլ ինչ տարբերակներ կարելի է կիրառել ստեղծված իրավիճակում հարցերը հօգուտ մեզ՝ այլ կերպ լուծելու համար: Բացի այդ, ես մեկ անգամ չէ, որ եղել եմ Ղարաբաղում և անձամբ իմ աչքով եմ տեսել այն պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, որ ունեն մեր զինվորները՝ պաշտպանելու մեր հայրենիքը:
– Ձեզ անակնկալի չբերե՞ց վերջին օրերի ֆոնին՝ ռուսաստանյան կողմի վարքագիծը:
– Ռուսական կողմի վարքագիծը, մեղմ ասած, տարօրինակ է, հատկապես, եթե արդեն հստակ տեսանելի ու լսելի է ադրբեջանական կողմի պատերազմական տրամադրությունը: Ես կարծում եմ՝ ռուսական կողմից պետք է դեռ սպասել սկզբունքայնորեն բոլորովին նոր կեցվածք, հատկապես, եթե ռազմական գործողությունները սահմանին լուրջ պատերազմի վերաճեն: