Խաղաղապահների տեղակայման վերաբերյալ Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի. Իգոր Պոպով

«Այսպես կոչված՝ Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի Պիեռ Անդիոյի հետ: Նա տեղեկացրեց, որ այս տարածաշրջանային այցի ընթացքում իրենց ուղեկցել է դեսպան Անջեյ Կասպրշիկը, ում հետ տարածաշրջանում են սկսած երեքշաբթի օրվանից, որից առաջ եղել են Վիեննայում և մասնակցել շտապ հրավիրված նիստի և մանդատ ստացել հանդիպումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ինչպես նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ և հանդիպել դե ֆակտո իշխանությունների հետ:

Մեր հիմնական խնդիրն է եղել օգնել կողմերին կայունացնել իրավիճակը, ինչպես նաև ձեռնարկել միջոցեր, որոնք ուղղված են ռազմական գործողությունների չկրկնմանը: Ուզում եմ ընդգծել, որ մեր մանդատը չի ներառում հետաքննություն իրականացնել, թե ով է առաջինը սկսել և ով է պատասխանատու տեղի ունեցածի համար: Մեր խոսակցությունների, հանդիպումների ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են, գոնե նրանք պատրաստակամություն են ցուցաբերում հրադադարը պահպանել, որը ձեռք է բերվել երկուշաբթի օրը Մոսկվայում:

Սկզբունքորեն մենք խոսել ենք այն մասին՝ ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի պահպանվի խաղաղությունը: Բնականաբար, հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել է: Սկզբունքորեն կա ընկալում, որ անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական քննարկումների: Քննարկել ենք մեխանիզմներ, որոնք կապված են ամրապնդման կամ վստահության վերադարձը կողմերի միջև: Մենք կշարունակենք այդ խորհրդատվությունները մայրաքաղաքներով, ապա կհանդիպենք կրկին, մոտավորապես մեկ շաբաթ անց:

Ամենակարևոր հարցերի շարքում, որն անհրաժեշտ է լուծել ներկայումս, հենց հիմա, սեղմ ժամկետներում՝ դա զոհերի դիակների վերադարձն է, դրանով զբաղվում է Կարմիր խաչը, կողմերը, մոնիտորինգով, համակարգմամբ զբաղվում է դեսպան Կասպրշիկի խումբը:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ցավակցություն եմ հայտնել զոհերի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին այս հակամարտության ժամանակ»:

Հարցին, թե ի՞նչ փաթեթ է քննարկում ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ հաշվի առնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պնդումը, թե ՌԴ-ն ևս առաջարկներ ունի, և դա ենթադրո՞ւմ է արդյոք խաղաղապահների տեղակայում, արձագանքեց Պոպովը՝ նշելով, որ Լավրովը ոչ մեկ անգամ է ասել, որ Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի, կան համանախագահների առաջարկները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին տարիների ընթացքում, կան մի քանի տարբերակներ, որոնք հիմնված են երեք սկզբունքների և վեց բաղադրիչների վրա՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, հիմնական բաղադրիչները՝ տարածքների վերադարձ, ԼՂ կարգավիճակի հստակեցում:

Ըստ նրա՝ այսպես կոչված՝ Լավրովի փաստաթուղթ ասելով խոսքը եղել է սրա մասին: Նա նաև հստակեցրեց, որ խաղաղապահ գործողություն, դիտարկվում է կարգավորման եզրափակիչ փուլում, երբ կստորագրվի խաղաղ համաձայնագիր:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, 2016թ. ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի իր պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ, ծավալուն հարցազրույց էր տվել և խոսել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Նա ասել էր. «Մենք հետևում ենք իրավիճակին։ Գլխավորն այն է, որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան այս ռեժիմին։ Շատ կարևոր է վերադառնալ այն գաղափարներին, որոնք ամրապնդվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հայտարարություններում՝ դեռևս 3-4 տարի առաջ»։

ՌԴ ԱԳ նախարարը որոշակի մանրամասներ էր բացահայտել բանակցային գործընթացից. «Նախագահ Պուտինը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Մեդվեդևը, առաջարկում էին մի շարք տարբերակներ, որոնք նախատեսում էին լուծել իրավիճակը Ղարաբաղին կից շրջանները ազատելով՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը։ Կային նաև առաջարկներ՝ դիպուկահարներին հետ քաշել շփման գծից։

Այդպիսի քայլերը, որոնք վաղուց պլանավորված էին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով, ԵԱՀԿ-ն՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, զբաղված էր համապատասխան քայլեր մշակելով։ Այդ պայմանագիրը դեռևս վերջնական չէ, բայց այն գոյություն ունի և դրա վրա աշխատում են արդեն մի քանի տարի։ Կարծում եմ՝ ներկայիս իրավիճակը կստիպի մեզ բոլորիս հավանություն տալ այդ առաջարկներին և կիրառության մեջ դնել դրանք»։ Լավրովը խոսել էր նաև ԼՂՀ հակամարտության գործում Ռուսաստանի գործոնի մասին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերից բացի՝ Ռուսաստանը հանդես է գալիս նաև սեփական նախաձեռնություններով։ Չեմ ներկայացնի մանրամասներ, բայց մի քանի տարբերակներ կան, որ մնում են բանակցային սեղանին. Ալիևի հետ մենք քննարկել ենք նաև այդ թեման։ Կշարունակենք մեր ջանքերը»։

Տեսանյութեր

Լրահոս