Բաժիններ՝

«Գիտեք, թե նույնիսկ մեկ հովվին, մեկ քաղաքացիական անձին ինչպես էին օգտագործում». Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ Տավուշում էլ, բայց հատկապես` Վարդենիսի ուղղությամբ մինչև ուշ գիշեր կրակել են: Որոշ բնակիչներ որոշ վնասներ կրել են, դրանք դեռ ընթացքում կպարզվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին որևէ խնդիր չկա Տավուշում:

Լրագրողների հարցին՝ հակառակորդի հսկողության տակ հայկական դիրքեր կամ հենակետեր կա՞ն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Այն իրավիճակում, որ կանգնել են զորքերը, կան որոշակի հատվածներ, որոնք նշանակալի դիրքեր, հատկապես՝ հենակետեր չեն, բայց հաշվի առնելով զինադադարի խնդիրը, զորքերը կանգնել են տվյալ վիճակում: Ինչպես ՀՀ Նախագահն ասաց, դրանք առավելագույնը 200-250 մետր որոշակի տեղեր են հարավային հատվածում»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, թե այս պահին ոչ միայն Քարվաճառի դեպքերի, այլ բոլոր դեպքերի վերաբերյալ քննություններ են ընթանում:

«Սովորաբար անհետ կորածների դեպքում կատարվում են որոնողական և ճշգրտման աշխատանքներ: Ստորաբաժանումներից շատերն իրենց մշտական տեղակայման վայրերում չեն, ՊԲ ստորաբաժանումների հիմնական մասը գտնվում է մարտական իրավիճակում, և այդ պարագայում շատ արագ ճշգրտում կատարել հնարավոր չէ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ քանի որ Ադրբեջանի հետ որևէ քաղաքակիրթ շփում չկա, գերիների մասին խոսելը դժվար է. «Բայց եթե լինեին գերիներ, որոնց իրենք կարող էին օգտագործել, գիտեք, թե նույնիսկ մեկ հովվին, մեկ քաղաքացիական անձին ինչպես էին օգտագործում: Այս պարագայում ոչինչ հերքել և հաստատել, թե ինչ կարգավիճակ և ինչ ճակատագիր է, չի կարելի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս