Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան մաքսատուրքից ազատման արտոնություն ստացավ
ՀՀ կառավարությունը այսօր բավարարել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: 2009թ.-ից Վանաձորում գործունեություն ծավալող «Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատում է տոլինգային եղանակով` արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա` կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի կողմից տրամադրված հումքով և սարքավորումներով: Ընկերությունն իր ամբողջ արտադրանքն արտահանում է եվրոպական երկրներ: Ֆաբրիկան 2016թ. նախատեսում է արտադրել 3մլն եվրոյի արտադրանք. ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 800 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերությունը նախատեսում է Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարում և արդիականացում` օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը, արտադրելով էլեկտրաէներգիա: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 9.6 մլրդ ՀՀ դրամը՝ սարքավորումներ (ՌԴ, Հնդկաստան և Գերմանիայի արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ) ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 232, 2017թ.՝ 249 և 2018թ.՝ 265 հազար ՀՀ դրամ:
Կառավարությունը թույլատրել է «Բիոլաբ» ՍՊԸ 2015թ. մարտի 20-ի թիվ C 7705 հայտարարագրով «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը` մինչև 2018թ. մարտի 1-ը: