
Չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն. Իգոր Պոպով

«Ընդհանուր կարծիքն այն է, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (ՌԴ) Իգոր Պոպովը: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Հիշեցնելով այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ, Իգոր Պոպովն ասել է, որ «դեռ վաղ է գնահատական տալ կատարվածին»:
Ռուս համանախագահը նշել է, որ վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երևան ու բանակցություններ կվարեն շփման գծի զինծառայողների հետ: Պոպովն ասել է, որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ:
«Այսօր մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի հետ և լսեցինք նրա դիրքորոշումը: Բացի այդ՝ մենք եղել ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ու լսել նրանց կարծիքը: Վաղը բանակցություններ կանցկացվեն մյուս կողմի հետ»,- ասել է Պոպովը: