Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ուղերձներ է հղել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այսօր ուղերձներ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ իր մտահոգությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության զարգացման կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
«Աստծո օգնությանն եմ դիմում, որ կրակը շուտափույթ դադարեցվի և կողմերը հաշտվեն»,- ասվում է նրա ուղերձներում: Ռուս պատրիարքը հայտնել է, որ այս ծանր օրերին աղոթում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներն արդեն երկար տարիներ համատեղ ծառայում են Ղարաբաղյան հակամարտության հաղթահարման գործին:
«Վստահ եմ, որ այդ արժեքավոր փորձն այսօր կոչված է հիմք դառնալ ամուր և արդար խաղաղության արարման համար»,- ասել է նա։
Նա կոչ է արել Գարեգին 2-րդին և Ալլահշուքյուր Փաշազադեին օգտագործել «հոգևոր առաջնորդի իրենց հեղինակությունը»՝ դադարեցնելու արյունահեղությունն ու թշնամանքը:
«Իմ կողմից պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման գործին»,- ասված է պատրիարք Կիրիլի ուղերձներում: