«Արդյոք Քիմ և Քլոե Քարդաշյանների` աղոթելու մասին թվիթերյան գրառումները կանխեցի՞ն հայ-ադրբեջանական պատերազմը…». Global News
«Արդյոք Քիմ և Քլոե Քարդաշյանների` աղոթելու մասին թվիթերյան գրառումները կանխեցի՞ն հայ-ադրբեջանական պատերազմը: Իհարկե` ոչ: Սակայն «Թվիթեր»-ում և «Ինստագրամ»-ում հետևորդների մեծ թիվ ունեցող ռեալիթի շոուի աստղ քույրերը շուրջ 175 միլիոն մարդու համար լույս սփռեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տիրող բռնության վրա»,- այս տողերով է իր հրապարակումը սկսել կանադական Global News պարբերականը:
Լրատվամիջոցը գրում է, որ «Ֆեյսբուքում» Քիմի գրառումը` «Աղոթում եմ Հայաստանում և ողջ աշխարհում բոլորի համար», 28 միլիոն մարդու համար տեսանելի դարձավ:
«Երբ խոսում են գլոբալ հակամարտությունների մասին, ինչպիսիք են Սիրիայում պատերազմը կամ իրադրությունն Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղն առանձնապես մեծ ուշադրություն իր վրա չի սևեռում: Սակայն երկար տարիներ ի վեր այն չի հանգստանում»,- նշում է լրատվամիջոցը` ներկայացնելով վերջին բախումների հետևանքներն ու փաստելով, որ հրադադարի այս խախտումն ամենալայնամասշտաբն էր 1994 թվականից ի վեր:
Global News-ը նշում է, որ Քարդաշյան քույրերը Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, քանի որ նրանց հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, հայ էր` Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերունդ: Լրատվամիջոցը փաստում է, որ ԼՂ շփման գծում իրադարձությունների առնչությամբ Քարդաշյանների արած գրառումներով կիսվել կամ դրանք մեկաբանել են 870 հազար մարդ: Որոշ դեպքերում դրանք բանավեճեր են առաջացրել գրառման կողմնակիցների և ընդդիմացողների միջև:
«Ինստագրամ» սոցիալական ցանցում 66 միլիոն հետևորդ ունեցող ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ ժողովրդին սատարող գրառում էր թողել` ընդգծելով, որ աղոթում է Հայաստանի համար: «Աղոթում եմ բոլորի համար` Հայաստանում և ողջ աշխարհում: Աղոթիր խաղաղության համար»,-գրել է Քարդաշյանը` օգտագործելով #PrayForPeace հեշթեգը: Քիմ Քարդաշյանը տեղադրել էր Հայաստանի դ րոշն ու ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա պատկերող լուսանկար: Նա նույն գրառումը կատարել էր նաև «Ֆեյսբուքում», որտեղ 28 միլիոնից ավելի հետևորդ ունի:
Քիմ Քարդաշյանից բացի «Թվիթեր»-ի իրենց միկրոբլոգներում գրառումներ էին կատարել նաև նրա քույրերը` Քլոեն և Քորթնին` նշելով. «Աղոթում ենք Հայաստանի համար»: