Լուի Վան Գալը կպահպանի աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»
Հոլանդացին տրանսֆերների համար կստանա 100 մլն եվրո:
Չնայած Ժոզե Մոուրինիոյի հետ պայմանագրի մասին լուրերին, Լուի Վան Գալը կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ հոլանդական Telegraaf պարբերականի տեղեկության՝ Վան Գալը կպահպանի գլխավոր մարզչի պաշտոնը 2016-17թթ. մրցաշրջանում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն ուրախացրել է դերբիում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը և այն մարզավիճակը, որը ձեռք է բերել թիմը մրցաշրջանի վերջնամասում: «Կարմիր սատանաների» նպատակը Չեմպիոնների լիգա ընկնելն է: 4-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» «Մանչեսթեր Յունայթեդը» ետ է 1 միավորով՝ ֆինիշից 6 տուր առաջ:
Ըստ աղբյուրի տեղեկության, Վան Գալը կստանա 100 մլն եվրո թիմն ամռանն ուժեղացնելու համար: Մանկունյանցիների գլխավոր նպատակը կդառնա «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով Անգլիայի առաջնությունում դարձել է 18 գոլի հեղինակ:
Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2014 թվականից:
64-ամյա հոլանդացին աշխատել է «Այաքսի», «Բարսելոնայի», Հոլանդիայի հավաքականի և «Բավարիայի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը