Պետք է կենտրոնանալ հայերի վրա և պայքարել «ադրբեջանական մաֆիայի դեմ», որը գրավել է ռուսական մեծածախ շուկան. Գերման Ստերլիգովը RBK-ի եթերում խոսել է ԼՂՀ տնտեսության մասին
Երեկ ռուս գործարար Գերման Ստերլիգովը, ով որոշ ժամանակ ապրել է Լեռնային Ղարաբաղում, ռուսական RBK հեռուստատեսության ուղիղ եթերում քննարկել է ԼՂՀ-ի տնտեսությունը:
«Փաստացի, Ղարաբաղը Հայաստանի մասն է, պատմականորեն դա բնիկ հայկական հող է ու անկասկած, այն ֆինանսապես կախում ունի Հայաստանից»,- հայտարարել է Ստերլիգովը:
Գործարարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ կարևոր դեր ունի հանքարդյունաբերությունը, հատկապես ոսկու արդյունահանումը: «Պետք է մարդկանց հնարավորություն տալ աշխատելու, որ չհեռանան Ղարաբաղից: Սա լավագույն վայրն է էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու համար: Այնպիսի համեղ արտադրանք, ինչպիսին Ղարաբաղում է, ես ոչ մի տեղ չեմ կերել: Այնտեղ շատ աշխատասեր մարդիկ են, որոնք ստիպված են հեռանալ այդտեղից»,- հայտարարել է նա:
Վերջինս տեղեկացրել է, որ իր որդին ու ինքը պատրաստվում են մայիսի վերջին պարենային ապրանքների և սննդամթերքի մեծ ֆորում կազմակերպել, որին մտադիր են հրավիրել նաև արցախցի գործարարների ու մատակարարների: Վերջինս նշում է, որ պետք է կենտրոնանալ հայերի վրա՝ որպես վաճառողների և դրանով իսկ պայքարել «ադրբեջանական մաֆիայի դեմ», որը գրավել է ռուսական մեծածախ շուկան:
«Հարկավոր է շեշտը ադրբեջանցիներից տեղափոխել հայերի վրա, քանի որ նրանց հետ աշխատելը հեշտ է: Մենք, ի վերջո, երբեք չենք պատերազմել հայերի դեմ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ պետություն կարելի է համարել, իսկ Թուրքիայի դեմ մենք անվերջ պատերազմում ենք:
Ստացվում է, որ մենք կախվածության մեջ ենք թուրքերից: Դա աբսուրդ է: Հարկավոր է ոչնչացնել պարենային մթերքի ադրբեջանական մոնոպոլիան ու դա հանձնել հայերին, քանի որ ռուսները ընդհանրապես բան չեն հասկանում առևտրից»,- հայտարարել է Ստերլիգովը: