Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում

Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններն աննախադեպ էին ոչ միայն՝ 1994թ. զինադադարից հետո, այլև՝ ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ներկայացնելով այս հանգամանքները՝ Սեյրան Օհանյանը նախ՝ խոսեց ռազմական տեսանկյունի մասին՝ նշելով շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խտությունը, կիրառվող զինատեսակների և ռազմական տեխնիկայի տեսակները, ներգրավված ուժերի և միջոցների քանակը և նրանց շարունակական ծավալումը և մոտեցումն առաջնային գծին, ժամանակային համեմատության մեջ՝ կորուստների մեծ քանակը:

Ընդ որում, Սեյրան Օհանյանի խոսքով, Ադրբեջանի Հանրապետության կորուստների քանակը, համեմատած պաշտպանության բանակի կորուստներին, բազմակի էին, կարելի է ասել՝ շուրջ 10 անգամից ավելի:

Նա մատնանշեց հակամարտող ուժերի մարտական պատրաստության աստիճանը՝ նշելով, որ հրադարից ի վեր բավականին լուրջ աշխատանքներ են տարվել բարեփոխումների և զինված ուժերի մարտունակության, մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը խոսեց վարձկանների, ահաբեկիչների առկայության մասին՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ուղղություններում, նրանց ագրեսիվ գործողությունների մասին, իրավական տեսանկյունից Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթի մասին.

«Որովհետև, նույնիսկ, եթե նրանք ասում են, թե պատասխանել են մեր գործողություններին, այդ բնույթի, այդ լայնամասշտաբությամբ իրականացվող գործողությունները թույլ են տալիս ասելու, որ դրանք նախօրոք պատրաստված էին և ոչ համաչափ գործողություններ էին»:

Նա մատնանշեց նաև Ադրբեջանի զինծառայողների դիակների և ոչնչացված ռազմական տեխնիկայի առկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ակնհայտ ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումներ, գլխատումներ, և սանձազերծված գործողությունների լայնամասշտաբ լինելը:

«Հասարակական տեսանկյունից մեզ համար ակնհայտ է մեր հասարակական համախմբումը, և կամավորական շարժման պատրաստականությունը, կարելի է ասել, վերածնունդ է, մեր հասարակության մեջ տիրող բարձր բարոյահոգեբանական մթնոլորտը և նաև այն հերոսությունները, որ ցուցաբերել են Պաշտպանության բանակի զինծառայողները և կամավորական շարժման ներկայացուցիչները, ազատամարտի վետերանները և մյուսները, ովքեր Լեռնային Ղարաբաղ են մեկնել՝ պաշտպանելու մեր հայրենիքի այդ հատվածը: Եվ այդ հերոսությունների արդյունքում՝ Ադրբեջանի Հանրապետությունը, կարելի է ասել, ոչնչի չի հասել, նույնիսկ՝ ռազմավարական առումով»,- ասաց նա:

Սեյրան Օհանյանն ասաց, որ մենք պետք է գլուխ խոնարհենք մեր զինվորների, մեր հրամանատարների և մեր կամավորականների առաջ, որոնց գործողությունների շնորհիվ մենք կարողացանք Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները ետ մղել և օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը պահպանել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռքում:

«Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որովհետև գիտեք, որ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը՝ կրակի դադարեցման ուղղությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այսօր Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, նրա մարտական կարողությունները, պաշտպանության՝ ընդհանուր առմամբ, ձևավորված դասավորվածությունը, Պաշտպանության բանակի ծավալումը համապատասխան հատվածներում և նրա պատրաստակամության աստիճանը թույլ են տալիս ասելու, որ այն պատրաստ է հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելմանը, ցանկացած գործողությանն արձագանքելուն. «Եվ կարող եմ ասել՝ դեռ ավելի»:

Տեսանյութեր

Լրահոս