LifeNews-ի լրագրողները պատմել են Ադրբեջանում ճնշումների ենթարկվելու և երկրից արտաքսվելու մանրամասները

LifeNews-ի ռուս լրագրողները, որոնք նկարահանումներ էին կատարել Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի ադմինիստրացիան մշտապես ճնշումներ է գործադրել իրենց վրա՝ փորձելով արտաքսել երկրից:

Նախ՝ թղթակիցներին կցել են երկու ոստիկանի, որոնք սկզբում չեն խոչընդոտել վերջիններիս աշխատանքին ու թույլատրել են ազատորեն նկարահանումներ կատարել, իսկ մի քանի օր անց լրագրողներին ակնարկել են, որ լավ կլինի՝ գնան Բաքու:

Բացի այդ՝ նկարահանումներից հետո լրագրողներին տեղափոխել են շրջանային ադմինիստրացիա, որտեղ 2 ժամ պահել են դատարկ սենյակում՝ չբացատրելով, թե ինչու են այդտեղ պահվում: Այնուհետ տեղի ոստիկանապետը նրանց բազմիցս ակնարկել է, որ թղթակիցների համար ավելի լավ կլինի, որ հեռանան երկրից:

Ընդ որում՝ նրանց հրամայվել է անմիջապես հեռանալ սահմանամերձ բնակավայրից: Լրագրողներին միայն թույլատրվել է յուրանոցից վերցնել իրերն ու անմիջապես հեռանալ, իսկ ողջ ճանապարհին նրանց ուղեկցել են ոստիկանները: Հյուրանոցային համարում լրագրողները պարզել են, որ իրենց իրերը խուզարկվել են:

Լրագրողներին ամեն շրջանում ուղեկցել են ոստիկանական մեքենաներ՝ հետևելով նրանց ամեն մի քայլին, ընդհուպ մինչև օդանավակայան մուտք գործելը:
LifeNews-ի խումբը միակն էր ռուս լրագրողներից, որ գտնվել է սահմանամերձ գյուղերում և այն, ինչ նրանք ցուցադրել են ու ասել, ստուգվել է ադրբեջանցի ոստիկանների կամ ադմինիստրացիայի կողմից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել էր, թե ռուս լրագրողներին երկրից վտարել են «սադրիչ գործունեության» պատճառով: Գաջիևի խոսքով՝ վերջիններս LifeNews-ի ռեպորտաժներում խեղաթյուրել են իրական վիճակը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկություն սահմանային իրադարձությունների վերաբերյալ:

Պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է LifeNews-ը ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ (Տերտեր) քաղաքում: Լրագրողը հայտնել էր, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են գիշերել մեքենաների մեջ:

https://www.youtube.com/watch?v=zbYNxNlDSDQ

Տեսանյութեր

Լրահոս