Ընդդիմությունը միավորվել է իշխանությանը` Ադրբեջանի ագրեսիան ետ մղելու գործում

Այսօր ԱԺ նիստում բոլոր խմբակցությունները միաձայն դատապարտեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիան: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ վերջին ամիսների ընթացքում ագրեսոր Ադրբեջանի կողմից Մինսկի խմբին ուղղված քննադատություններից հետևում էր, որ նրանք խաղաղ բանակցային փուլը ցանկանում են փոխարինել ռազմական գործողություններով և ահաբեկչությամբ:

Նա նշեց, որ գաղտնիք չէ, որ այսօր Ադրբեջանում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է, և դրանից շեղելու համար Ալիևը դիմել է ագրեսիայի: Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ ԼՂ բանակը լիովին տիրապետում է իրավիճակին:

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը պահանջում է համակարգված աշխատանք բոլոր ուղղություններով: Նրա խոսքով` այս պահին անգամ ընթանում են ռազմական գործողություններ, ԼՂ ՊԲ-ն իրականացնում է հաջող մարտեր` հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ: Կ.Նահապետյանը կարևորեց, որ ռազմական հաջողությունները քաղաքական հարթակներում ամրագրվեն: Կ.Նահապետյանը նաև կարևորեց ԼՂ-ի շուրջ անվտանգության գոտու ընդլայնումը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց զոհերի ծնողներին և հարազատներին` փոխանցելով ցավակցություն ու աջակցություն. «Նրանք բոլորն իսկապես ազգային հերոսներ են, իրենց կյանքով կասեցրել են թշնամու առաջխաղացումը, արժանավայել պահել են մեր երկրի անկախությունը: Բոլոր զոհերը սրբացել են` միանալով բոլոր նախկին զոհերին և Արցախյան ազատամարտի նահատակներին»: Ըստ Ա.Մանուկյանի` անչափ ցավի հետ միասին, հպարտություն պետք է լինի, որովհետև ցանկացած սուրբ նահատակ նաև հպարտություն է: Նա հավաստեց, որ ծնողների կողքին են, և ժողովուրդը զոհերի հիշատակն ըստ արժանվույն կպահի:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ի անունից զորակցություն հայտնեց ԼՂ ժողովրդին և զինված ուժերին, նշեց, որ խոնարհվում են զոհերի հիշատակի առջև, վիրավորներին շուտափույթ ապաքինում են մաղթում, նաև հպարտութամբ նայում, թե ինչպիսի կոնսոլիդացիա կա մեր հանրության մեջ: Նրա բնորոշմամբ` դա հստակ պատգամ է, որ որքան էլ անհամաձայնություններ ունենանք, սակայն, երբ վտանգված է հայրենիքը, ներքին տարաձայնություններ չեն կարող լինել:

«Տեղի ունեցածն անսպասելի չէր, մենք գիտեինք, որ մի օր Բաքուն նորից դիմելու է այս արկածախնդրությանը, թերագնահատելու է մեզ, և գերագնահատելու է իր ուժերը և փորձելու է ծնկի եկած հակառակորդին արագ վերացնել»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` սա նորություն չի պատմության մեջ, և նորություն չի այն համախմբումը, որ հայ ժողովուրդը՝ մի կողմ թողնելով տարաձայնությունը, համախմբվել է, որովհետև մենք` ի տարբերություն ադրբեջանական զինվորի, պաշտպանում ենք մեր հայրենիքը: Նա հիշեցրեց հայտնի խոսքը, որ, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի. «Մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք: Ուրախ եմ, որ համախմբումը համահայկական բնույթ ունի, և ողջ սփյուռքն էլ արձագանքում է, ինչպես ամեն մի հայ այսօր: Մեր ուժը պետք է մեր մեջ փնտրել»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողություններն ագրեսիա են, որի հետևանքով զոհվում են անմեղ մարդիկ: Նա զորակցություն հայտնեց մեր մարտիկներին, սահմանամերձ բնակչությանը: Լ.Զուրաբյանը տեղեկացրեց, որ այսօր այցելել են վիրավոր մարտիկներին, և հպարտությամբ արձանագրեց, որ մեր զինվորիների ոգին անկոտրում է, և այդ հաղթական ոգին միավորում է ամբողջ հայությանը: Լ.Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը հայտարարում է, որ անկախ իշխանության հետ հակասություններից՝ արտաքին վտանգի և ագրեսիայի դեպքում բոլորը պատրաստ են միավորվել ագրեսիան ետ մղելու գործում:

Լ.Զուրաբյանն ընթերցեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի Հայաստանում, միևնույն է, ԼՂ-ի դեմ ոտնձգություն կատարելու դեպքում կհանդիպի հայ ժողովրդի դիմադրությանը, և վտանգի դեպքում անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը կխնդրի դադարեցնել այլ գործունեությունը և լծվել հայրենիքի պաշտպանության գործին:

Լ.Զուրաբյանը հորդորեց ավելի ուշ փակ նիստով քննարկում կազմակերպել և տեղեկություններ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին, և միասնաբար փնտրեն այս վիճակից ելքի ուղիներ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համամիտ են և մոտակա օրերի ընթացքում փակ հանդիպում կկազմակերպեն:

Տեսանյութեր

Լրահոս