«Ադրբեջանական քարոզչամեքենան ձախողվեց նաև վրացական դաշտում». Ալիկ Էրոյանց
Վրացագետ Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը վերաբերում է այս օրերին վրացական ԶԼՄ-ների աշխատանքին: Նրա գնահատմամբ՝ վրացական ԶԼՄ-ները անաչառ են աշխատել:
«Եթե գնահատելու լինենք վերջին երկու օրերին վրացական ԶԼՄ-ների անդրադարձը Ղարաբաղյան իրադարձություններին, ընդհանուր առմամբ, կարելի է վերջիններիս աշխատանքը համարել անաչառ, այսինքն՝ լրատվամիջոցները ներկայացրել են երկկողմանի (հայաստանյան, արցախյան և ադրբեջանական) պաշտոնական տեղեկատվություն՝ զերծ մնալով սուբյեկտիվ կամ սեփական կողմնակալ մեկնաբանություններից: Միայն երկու կոնկրետ էլեկտրոնային ռեսուրս կարելի է առանձնացրել, որոնք համը հանել են՝ կատարելով ադրբեջանական պատվեր:
Սոցիալական ցանցերում և մասնավորապես տարբեր ֆորումներում, որտեղ ակտիվ քննարկումներ էր ծավալվել վերոնշյալ թեմայով, նկատելի էր ադրբեջանցի օգտատերերի ակտիվությունը, ինչը վերջիններիս համար հնարավորություն ստեղծեց ազդել որոշ վրացի օգտատերերի կարծիքների վրա:
Ինչ վերաբերում է հասարակական քաղաքական դաշտում տարածվող տեսակետների, կարելի է արձանագրել, որ հիմնականում գերակշռում են չեզոք կարծիքներ:
Հավելելք նաև, որ այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ նիստ է հրավիրել՝ ԼՂՀ-ում տիրող իրավիճակի մանրամասները քննարկելու համար, հույս հայտնեց, որ իրավիճակը շուտով կհանդարտվի միջազգային հանրության ջանքերի շնորհիվ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ: Քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան ձախողվեց վրացական ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ տեղեկատվական դաշտում:
Վերջին տասնամյակում ալիևյան ռեժիմը հակահայկական տեղեկատվաքարոզչական քաղաքականության իրականացման գործում հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ է ներդնում: Գաղտնիք չէ, որ վրացական իրականությունը ևս անմասն չի մնացել նշված գործընթացից: Բազմիցս ականատես ենք եղել նման դրսևորումների, որոնք հաճախ կրել են բացահայտ հակահայկական արտահայտումներ հարևան Վրաստանում՝ ընդհուպ մինչև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում: Սակայն այս օրերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը աստիճանաբար մաշում է նաև իր հնարավորությունների վերը նկարագրված փաթեթը:
Արցախյան ճակատում նոր հաղթանակների սպասումով…և խաղաղություն հայկական երկնքին»,-գրել է վրացագետը: