Ադրբեջանը պետք է պատժվի, պետք է ստանա հազարավոր նոր գաղթականներ և պետք է տարածքներ կորցնի. Արա Պապյան

«Նման անհամապատասխանությունը շատ բնորոշ է Ադրբեջանին, Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ մի բան է հայատարարում ու դրա հակառակն է անում: Նախ` Ադրբեջանը, համոզվելով, որ այլևս չի կարող իրականացնել իր հիմնական խնդիրը, այսինքն` ճեղքել հայկական պաշտպանական գիծը, փորձում է ապահովել զինադադարի պատվավոր պայմաններ: Երկորդը` ուզում է իրեն ցույց տալ իբրև բարի կամք դրսևորող, դրա համար էլ նման հայտարարություններ է արել կրակը միակողմանի դադարեցնելու մասին:

Բայց ինչպես ՀՀ ՊՆ-ն և ԼՂ իշխանությունները տեղեկացրին, դա իրականությանը չի համապատասխանում, այսինքն` որտեղ կարողանում են ուժ կիրառել, կրակել, դա անում են: Այդ հայտարարությունները պարզապես մոլորության մեջ գցելու հերթական փորձ են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` մեկնաբանելով Ադրբեջանի միակողմանի կեղծ հրադադարարի մասին հայտարարությունները, չնայած միջազգային կառույցների, տարբեր երկրների նախագահների կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները:

Ա.Պապյանը համաձայնեց տարածված լուրերին, որ Ադրբեջանի այս ագրեսիային Թուրքիայի «մատը խառն» է, թեև որոշ փորձագետներ այդպես չեն կարծում. «Այն, որ Ադրբեջանը փորձում է մշտապես Թուրքիայի հետ համադրված գործողություններ իրականացնել, դա նոր չէ, միշտ էլ եղել է: Եվ մենք միշտ իմացել ենք, որ Ադրբեջանը միայնակ լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա: Ըստ էության, սա հենց դրա փորձերից մեկն է, որ ոչ ամբողջ ճակատով, այլ երկու բավականին կարևոր ուղղությամբ հարձակում գործեցին, հետո, ըստ իրավիճակի, նաև Թուրքիայի արձագանքը կլիներ:

Թուրքիան, ըստ էության, մասնակցում է հակամարտությանը, մասնակցել չի նշանակում անպայման զորքեր ուղարկելով, դա դիվանագիտական և քաղաքական աջակցությունն է, որ կա, նաև բազմաթիվ վկայություններ կան, որ կռվող զորքերի մեջ Թուրքիայի քաղաքացի զինվորականներ և խորհրդատուներ կան: Այնպես որ պատահական չեմ համարում, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո, անգամ չվերադարձած այնտեղից, Ալիևը հրահանգեց սկսել այս ռազմական գործողությունները»:

Ա.Պապյանը չհամաձայնեց Արևմուտքի որոշ ներկայացուցիչների պնդումներին, որ հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Ըստ նրա` դրանով զրոյացվում է հայկական պետության դերակատարումը. «Եթե Ռուսաստանն ուզենա Ղարաբաղը տալ Ադրբեջանին, կարո՞ղ է տալ, իհարկե` ոչ: Մենք, ի վերջո, Ղարաբաղի համար կռվելու և պայքարելու ենք:

Այլ բան է, որ Ռուսաստանը շատ մեծ լծակներ ունի, թերևս, ամենաշատ լծակներն ունի, որ կարող է բանեցնել, բայց միայն իր ձեռքում չէ: Եվ այս երկու օրվա իրադարաձություններն էլ ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը քաղաքականապես հասուն է, կարող է չսիրել, մինչև իսկ ատել իր իշխանություններին, բայց հստակորեն տարանջատում է իշխանությունը պետությունից և հայրենիքից, այսինքն` պատրաստ գնում է կռվելու և պաշտպանելու, հետևաբար, եթե անգամ իշխանությունները փորձեն տեղի տալ ռուսներին, ժողովուրդը թույլ չի տա: Հետևաբար, հակամարտության լուծման բանալին

միանշանակ ՌԴ ձեռքին չէ: Ռուսների ձեռքին ինչ-որ հնարավորություններ կան, բայց բանալին մեր ձեռքում է գտնվում»:

Մեր հարցին, թե արդյոք հայկական կողմը պետք է բավարարվի՞ նախնական դիրքերի վերականգնմամբ, թե՞ քարտեզի վերաձևում անհրաժեշտ է, Ա.Պապյանը պատասխանեց. «Երբ հանցագործին բռնում եք հանցագործություն կատարելիս, օրինակ, գողին` գողության ժամանակ, դուք չեք խլում, չէ՞, միայն իր գողոնը, հետո ասում, թե վերցրեցինք գողացածը, հաջողություն, գնա: Հանցագործությունը պետք է պատժվի, և ոչինչ չի խրախուսում հաջորդ հանցագործությունը, քան անպատիժ մնացած հանցագործությունը:

Այսօր Ադրբեջանը հանցագործություն է կատարել, խախտել է զինադադարը, պատերազմել է Հայաստանի դեմ, որովհետև Ղարաբաղը Հայաստանի մաս է: Մենք տվել ենք երկու տասնյակ, կամ շատ ավելի զոհեր, մենք նյութական հսկայական կորուստներ ենք ունեցել, և վերադառնալ մինչև ապրիլմեկյան վիճակը, դա ապրիլմեկյան կատակ կլինի: Դա լուրջ բան է, չի կարելի կատակներ անել: Ադրբեջանը պետք է պատժվի, պետք է ստանա հազարավոր նոր գաղթականներ և պետք է տարածքներ կորցնի:

Միայն այդ դեպքում է, որ Ադրբեջանը հաջորդ անգամ հարձակվելուց առաջ կմտածի` հարձակվի՞, թե՞ ոչ: Եթե չպատժի, հաջորդ անգամ սովորական կդառնա, կփորձի` կստացվի՞, լավ, եթե ոչ, կվերադառնա նախնական դիրքերի, և այդպես շարունակ: Այսինքն` եթե մենք հիմա որոշ գործողություններ անենք, մենք, իհարկե, կորուստներ ենք ունենալու, բայց այդ կորուստները կինեն անհամեմատ քիչ, քան բոլոր կորուստները, որ չանելու դպքում մենք պարբերաբար պատերազմների ժամանակ ունենում ենք:

Այս պատերազմը, ինչպես հիմա սահմանի վրա կրակելը, կդառնա սովորական: Երբ Ադրբեջանը զինադադարն առաջին անգամ խախտում էր տարիներ առաջ, կրակում էր մեր դիրքերի վրա, և մենք այն ժամանակ ոչ թե փափկություն ցուցաբերեինք, այլ այն գյուղերը, որտեղից կրակում էին, հողին հավասարեցնեինք, ես Ձեզ հավաստիացնում եմ, չէինք ունենա այսքան զոհեր և այս կռիվը չէր լինի, Ադրբեջանը շատ խելոք կնստեր տեղը: Չի կարելի այսօր ներել հանցագործությունը»:

Տեսանյութեր

Լրահոս