Բրիտանական կոմսության ոստիկանությունը ծառայության կվերցնի կատվի
Մեծ Բրիտանիայի Դարեմի կոմսության ոստիկանության վարչությունը կարող է երկրում առաջինը կատուների ներգրավել հանցավորության դեմ պայքարում, տեղեկացնում է BBC-ի:
Մի քանի օր առաջ Բեռնոփսֆիլդ գյուղում ապրող Էլիզա Ադամսոն Հոփեր անվամբ հնգամյա աղջիկը դիմել է կոմսության ոստիկանապետ Մայք Բերթոնին:
Իր նամակում աղջիկը Բերթոնին պատմել է այն մասին, թե կատուները որքան լավ են զգում վտանգը, եւ որքան հիանալի են նրանք կողմնորոշվում տարածության մեջ՝ հեշտությամբ գտնելով տան ճանապարհը:
Էլիզան, որը տանը պահում է Միթենս անունով կատվին եւ Սյուզի անունով շանը, տարակուսում էր, թե ինչու ոստիկանությունում ծառայության մեջ միշտ շներ են լինում, բայց ոչ երբեք կատուներ:
Բեռնոփսֆիլդի պատանի բնակչուհու կարծիքով, կարգի պահապանները կարող էին իրենց աշխատանքում հաջողությամբ օգտագործել կատուների բազմաթիվ արժանիքներ:
Իր համար անսպասելիորեն Էլիզա Ադամսոն Հոփերը պատասխան է ստացել կոմսության ոստիկանապետից, որը նրան գրել է, թե հետաքրքրված է այդ գաղափարով եւ գործընկերներին ծանոթացրել է դրան:
Ավագ քոնսթեբլ Բերթոնն իր պատասխան նամակում այնքան սիրալիր է գտնվել, որ նույնիսկ կատու է նկարել իր նամակի հակառակ կողում, նշելով, որ այդ կատուն ապրում է իր տանը եւ նրան Ջոյ են կոչում:
Քոնսթեբլի հետ աղջկա նամակագրությունը Համացանցում զետեղել է տեղի լրագրողը, եւ այն սկսել է արագորեն տարածվել սոցցանցերում:
Հայտնի է դարձել, որ ներկայում Դարեմի ոստիկանական վարչությունն իրոք քննարկում է կատուներին իրենց աշխատանքում ներգրավելու հնարավորությունը:
«Ես հաստատում եմ, որ վարչությունը պատրաստվում Է Միացյալ Թագավորությունում առաջինը ծառայության վերցնել ոստիկան կատվի»,-հայտարարել է տեսուչ Ռիչի Ալենը, որը ղեկավարում է կինոլոգների աշխատանքը:
«Դեռեւս չի որոշվել, թե հատկապես ինչ ծառայողական պարտականություններ կդրվեն կատվի դրա, բայց նա առնվազն կդառնա մեր վարչության թալիսմանը»,-հավելել է Ալենը: