«Ես շատ ոգևորված եմ քաղհասարակության ներկայացուցիչների կոնստրուկտիվ մոտեցումներից»

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը

– Պարոն Վարդանյան, նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներից ի՞նչ եզրահանգումներ եք արել։ Դուք պնդում էիք, որ պետք է հրապարակվեն ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակները, իշխանությունները մասամբ են համաձայնել՝ պաշտոնապես չեն հրապարակում, բայց դրանք հասանելի կլինեն։ Արդյոք դա բավարա՞ր է։

– Պետք է տարբերել 2 հարց՝ մենք մշտապես կողմնակից ենք եղել ընտրացուցակների հրապարակմանը, որովհետև խնդիր ենք տեսել՝ բազմակի քվեարկություններ, բացակայողների փոխարեն քվեարկություններ, ՀՀ-ում ներկա, բայց ընտրություններին չմասնակցողների փոխարեն քվեարկություններ, և խնդիրը լուծելու մասին է խոսքը։ Քննարկումները դեռ շարունակվում են, նաև մեր առաջարկով, կարծես հնարավորություն է ստեղծվում, ոչ թե՝ բողոքարկելու վերահաշվարկի ընթացքում՝ կարճ ժամկետում, այլ ընտրություններից հետո բոլոր ցանկացողներն իրավունք ունենան քաղվածքներ անելու ընտրացուցակներից։ Եթե այս իրավունքն իրացվի, ես խորապես համոզված եմ, որ խնդիրը լուծվում է։

– Այլ խնդրահարույց դրույթ մնո՞ւմ է Դաշնակցության համար։

– Բազմաթիվ խնդիրներ կան, որ քննարկման փուլում են։ Մենք մեր բազմաթիվ առաջարկություններն արդեն իրացրել ենք, օրինակ, այս մասին որևէ մեկը չի խոսում, բայց մեր առաջարկությամբ ԸՕ-ում ամրագրվել է, որ ընդդիմությունը ցանկացած պարագայում պետք է բոնուս ունենա։ Այսինքն, եթե ընդդիմությունը հավաքում է որոշ քանակությամբ ձայն, միևնույն է, նա պետք է ունենա առնվազն 1/3-ն ԱԺ-ում՝ մեծ բոնուս։

Չի կարող մի կուսակցություն հավաքել 80%, և ընդդիմությունը մնա 20%, կամ կոալիցիա ձևավորվի, և այդ տարբերությունն առաջանա։ Սա կարևոր խնդիր է, որը նորություն է մեր ամբողջ ընտրական պրոցեսում և հատկապես նպատակ է մեզ համար, որ ընդդիմությունը և իշխանությունը լինեն մեկ միասնական համակարգի մաս, և ընդդիմությունը կարողանա նոր Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնել, որի համար հաճախ պահանջվում է 1/3-ի մասնակցություն։ Երկրորդ խնդիրը՝ նախնական տարբերակում մոտեցում կար, որ, եթե մի կուսակցություն հավաքում է 40% ձայն առաջին փուլում, ապա նա կարող է վետո դնել և թույլ չտալ, որ մյուս 60% հավաքածները միավորվեն և կոալիցիա ձևավորեն, ու միանգամից պահանջել 2-րդ փուլ։

Սա ևս մեր պահանջով դուրս է եկել։ Մեր հաջորդ պահանջը՝ նախնական տարբերակում մոտեցում կար, որ, եթե մի ուժ առաջին փուլում 50+1 ձայն է ստանում, ապա նրան տրվում է բոնուս, որպեսզի խորհրդարանական կայուն մեծամասնություն լինի և 54% ունենա։ Մենք դա տարածել ենք նաև կոալիցիաների վրա, որ, եթե 3 ուժ միավորվում են և ստանում 50+1, ապա նրանց ևս տրվի այդ 54%-ը, որպեսզի մեծամասնություն լինեն։

Մեր այս առաջարկն էլ է կարծես իրացվում։ Հինգերորդը, որտեղ մենք հաջողության հասանք, կուսակցությունների տարածքային ցուցակներում նախատեսված էր, որ ամեն կուսակցություն իրավունք ունի յուրաքանչյուր 10 հազար ընտրողի հաշվով 1 թեկնածու առաջարկել, որը շատ մեծ թիվ է կազմում՝ որոշ տարածքներում, մինչև 23-24 հոգի։ Մեր առաջարկությունն ավելի արմատական էր՝ 20-25 հազար ընտրողին՝ 1 թեկնածու, բայց փոխզիջման եկանք, կամրագրվի 15 հազարին՝ 1 թեկնածու։

Կան բազմաթիվ խնդիրներ հիմնական հարցերը լուծելու առումով, դա վերաբերում է նոր տեխնոլոգիաների կիրառմանը, գրանցմանը, և մեզ համար այսօր էլ մնում է մի էական հարց, որ մեր բոլոր ընտրողներն ունենան անձը հաստատող ոչ թե՝ 3 տարբեր, այլ՝ 1 միասնական փաստաթուղթ։ Դա վստահությունը մեծացնելուն ուղղված կարևոր քայլ կլինի։ Այստեղ կան տեխնիկական խնդիրներ, թե որքանով դոնոր կազմակերպությունները կաջակցեն ՀՀ-ին, որ կարողանանք կարճ ժամկետում այս խնդիրը լուծել։

– Լայն քննարկումներ են ծավալվել, կարծես՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, բայց ո՞ր դեպքում կարելի է համարել, որ կոնսոլիդացիա կա։

– Հիմա կարծես թե բոլոր հնարավոր քննարկումների հարթակները կան։ Իշխանություն+ընդդիմություն+քաղհասարակություն երկրորդ քննարկումը կայացավ։ Ես անկեղծ ասեմ՝ շատ ոգևորված եմ քաղհասարակության ներկայացուցիչների կոնստրուկտիվ մոտեցումներից, որ խորանում են հարցերի մեջ, փորձում են տեսնել, թե ինչ բացեր են մնում։ Եթե այսպես շարունակվի, ես վստահ եմ, որ փոխզիջումներ և տեսակետների մերձեցում կլինի։ Կապրենք՝ կտեսնենք։

– ՀՀԿ-ն հայտարարեց քաղաքական դպրոց ստեղծելու մասին։ Չե՞ք կարծում, որ սա ավելի «կհանրապետականացնի» մեր հասարակությունը, արդեն շատ դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներ ՀՀԿ բանակում են։

– Քաղաքական կուսակցություն է, իր խնդիրն է, իր իրավունքն է։ Եկեք տարբեր հարցեր չխառնենք իրար։ Դաշնակցության մեջ էլ պարբերաբար այս խնդիրն արծարծվել է, մենք ուզեցել ենք կուսակցական դպրոց հիմնել, փոքրիկ մոդելներ ունեցել ենք, փորձել ենք մարդկանց նաև այս դաստիարակությունը տալ, դպրոց, որտեղ մարդիկ քաղաքականություն կսովորեն, տեսակետներ կձևավորեն։ Նման ուղղությամբ մենք միշտ էլ աշխատանքներ տարել ենք։ Այս առումով տվյալ կուսակցության որոշելիքն է, բազմաթիվ նորմալ երկրներում կուսակցություներն ունեն նման հաստատություններ։ Իրենց գործն է, իրենց որոշելիքն է։

Տեսանյութեր

Լրահոս