«Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Հայաստանին, Ղարաբաղին, Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը»
Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Հայաստանին, Ղարաբաղին, Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը: Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ռազմական գործողություններին նման գնահատական տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
«Դրանք շանտաժի գործողություններ են: Նաև Ադրբեջանն ուզում է լուծել տակտիկական խնդիրներ, վերցնել բարձունքներ, որոնք շահավետ են իրենց համար»,- ասաց նա:
Ըստ Վ.Հարությունյանի` այստեղ նաև Թուրքիայի գործոնը կա, որը նախկինում էլ Ադրբեջանին դրդրել է նման գործողությունների և սադրանքների, որպեսզի ինքն իր դերակատարումն ու ազդեցությունը մեծացնի. «Թուրքիան նաև փորձում է շեղել միջազգային հանրությանը, քանի որ ինքը խնդիրներ ունի՝ Սիրիայի, ԱՄՆ-ի, քրդերի հետ կապված: Դրա մասին նույնիսկ ռուսական մամուլում գրվեց, որ Թուրքիայի հատուկ ծառայություններն Ադրբեջանում իրենց ազդեցության գործակալների միջոցով խնդիր են դրել սահմաններում սադրանքներ սկսել և շեղել իրենցից»:
ՊՆ նախկին նախարարը դժվարացավ ասել, թե սահմանին լարվածությունն ինչքան կշարունակվի. «Դա կախված է այն գործողություններից, որ պետք է անի մեր բանակը, և ինչը որ հիմա անում են: Պետք է մի բան ֆիքսել, որ ադրբեջանցիներին չի հաջողվել հասնել այն նպատակներին, ինչ նրանք դրել են` ի շնորհիվ մեր բանակի գրագետ և շատ արագ արձագանքի, մյուսը` կախված է նրանից, թե մեր բանակն այժմ ինչ գործողությունների կդիմի»:
Թե որքանո՞վ է ադեկվատ միջազգային հանրության արձագանքը, Վ.Հարությունյանը նշեց, որ միջազգային հանրությունը նորից կոչ է անում երկու կողմերին էլ, բայց դա ակնհայտ պարզ է, որ հայկական կողմը` Ղարաբաղն ու Հայաստանը, այդպիսի նպատակ չունեն. «Որպեսզի հասկանանք, թե ում կողմից է սադրանքը, մենք պետք է ուշադիր հետևենք, թե միջազգային կազմակերպությունների առաջարկներին, որ շփման գծում հրադադարի վերահսկման մեխանիզմ ներդրվի, ով է կողմ, և ով՝ դեմ: ՀՀ-ն և ԼՂ-ն միշտ կողմ են եղել, և դեմ է Ադրբեջանը, որովհետև իրենց պետք չի, որ իրենց գործողությունները բացահայտվեն: Դա ակնհայտ է, բայց միջազգային կազմակերպությունները նման մեխանիզմ չունեն, որ հստակ դիմեն կոնկրետ կողմի, դրա համար ընդհանուր են դիմում: Բայց Բորդյուժայի հայտարարությունը շատ հստակ է ձևակերպված, նաև ՌԴ նախագահի մոտեցումը, որ պահանջում է կանգնեցնել այդ ամենը, և ՌԴ ՊՆ նախարարի խոսակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի նախարարների հետ ուղղված է շփման գծում այդ գործողություններն արագ կանգնեցնելուն»: