«Միջազգային հանրությունը պետք է այս անգամ ավելի խիզախություն ունենա տարանջատելու թացը չորից». Արմեն Աշոտյան

«Այս գիշեր ադրբեջանական ղեկավարության կողմից սանձազերծված աննախադեպ ագրեսորական գործողությունները վկայում են նրա մասին, որ Ադրբեջանի գործող իշխանություններն ահաբեկչական մտածելակերպ ունեն»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում այսօր տեղի ունեցած գործողությունենրի մասին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ սա ապտակ է միջազգային հանրությանը, Մինսկի խմբին և կայունության, տարածաշրջանային անվտանգության կոչերին, որ բազմիցս հնչեցրել են. «Հայկական երկու պետությունների զինված ուժերը վստահ եմ, որ արժանի հակահարված են տալիս ու տալու ադրբեջանական ագրեսիայի ցանկացած դրսևորումներին»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային կառույցների արձագանքը այս ամենին՝ Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է այս անգամ ավելի խիզախություն ունենա տարանջատելու թացը չորից ու հստակ գնահատականներ տալու ադրբեջանական իշխանությունների գործողություններին, եթե չեն ուզում, որ տարածաշրջանային լարվածության կայուն և արյունալի նոր օջախ լինի այստեղ, ինչը վտանգի տակ կդնի նաև մի շարք միջազգային շրջանակների էներգետիկ անվտանգության խնդիրները, և այլն»:

Հարցին էլ հատկապես ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի գործողությունները, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ կարծում է՝ մի կողմից Ադրբեջանը փորձում է իր հասարակությանը շեղել սոցիալական մեծ խնդիրներից. «Մյուս կողմից՝ մարդու իրավուքների մեծ ճնշումների հետ կապված նույնպես ադրբեջանական հասարակության ներսում իրավիճակը շեղելու նպատակ ունի, Թուրքիայի հետ ռազմավարական ալյանսի հետևանքները նույնպես կարող են այստեղ լինել, երբ Ադրբեջանը կատարում էր թուրքական պատվեր տարածաշրջանը ապակայունացնելու համար: Դժվար է այս պահին վերջնական վերլուծել և գալ մեկ ընդհանուր եզրահանգման, բայց ակնհայտ է, որ թվարակածս բոլոր գործողությունները դերակատարություն ունեն: Ադրբեջանի քաղաքական առումով անմեղսունակ լինելու գործոնը նույնպես հստակ գոյություն ունի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս