Ցրտահարությունից առավել վնասվել են Արարատի մարզի ծիրանենիները, վաղահաս բալենիներն ու դեղձենիները
Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը, եւ հաջորդ օրերին, հանրապետությունում դիտված ցածր ջերմաստիճանն Արարատի մարզի որոշ համայնքների գյուղացիական տնտեսություններին հասցրել է 70-90 տոկոս վնաս: Զգալիորեն վնասվել են հատկապես ծիրանենու, վաղահաս բալենու, դեղձենու ծառերը: Այս մասին մարտի 30-ին կայացած այս տարվա անդրանիկ մարզխորհրդի նիստի ժամանակ նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը` ավելացնելով, որ ցրտահարության ամբողջական հետեւանքները պարզ կդառնան մի քանի օրից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարզխորհրդի նիստին, որի հիմնական առանցքը գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազնակերպումն էր, ոռոգման ցանցի նորոգման եւ դրանով պայմանավորված՝ հողագործին ժամանակին ոռոգման ջրով ապահովելը, ներկա էին մարզի 97 համայնքների ղեկավարները, տարածաշրջանների 6 ՋՕԸ-երի տնօրենները, այլք:
Տերտերյանն իր ելույթում նշեց, որ ցրտահարության վնասները մեղմելու համար ՀՀ կառավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ. պետության կողմից մարզի հողագործներին հատկացվել է 178, 850 մլն դրամ` «Գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման» ծրագրով, ինչը կօգնի հողագործներին արդյունավետ աշխատանք կատարելու եւ լրացուցիչ խթան կհանդիսանա հատկապես անմրցունակ հողագործների համար: Այս աշխատանքներին գործուն մասնակցություն ունեն նաեւ ԳԱՄԿ աշխատողները: Զեկուցողը միաժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է նաեւ &laq uo;Օգնություն հողագործին» ծրագիրը, որով շուկայականից ցածր գներով գյուղացիներին հատկացվում են ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ, ինչը բարձր բերք ստանալու լավագույն երաշխիքն է: Մինչեւ այժմ մարզ է ներկրվել 1500 տոննա ազոտական, 17,9 տոննա ֆոսֆորական, 7,6 տոննա կալիումական պարարտանյութ եւ 29 400 լ դիզելային վառելանյութ: Գործընացը շարունակվում է:
Բնականաբար, առանց ոռոգման ջրի դժվար է պատկերացնել գյուղատնտեսության ոլորտը, ուստի զեկուցողը նշեց, որ 6 ջրօգտագործող ընկերություններն ամբողջովին ավարտել են ջրամատակարարաման գարնան նախապատրաստական աշխատանքները: Արդեն մաքրվել են 11,1 կմ եւ նորոգվել 53,1 կմ ջրատարներ, նորոգվել 56 խորքային հորեր, 30 պոնպակայաններ:
Նշվեց նաեւ, որ ցրտահարության հետեւանքները պարզելու համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը համապատասխան տորաբաժանումների հետ եղել է 28 համայնքներում` տեղում ծանոթացել է իրավիճակին, հանդիպել գյուղացիների եւ համայնքի ղեկավարների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ: «Ցրտահարության հետեւանքները մեղմելու համար անհրաժեշը կլինեն գյուղացիներին որոշակի դրամական միջոցներով օգնելը»,-ասաց Տերտերյանը` ավելացնելով, որ հարցը գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ, վարչության պետն անդրադարձավ «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիատարաիայի ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի այս պահի դրությամբ իրականացվելիք աշխատանքներին. պատվաստումներ են իրականացվում սիբիրախտի, խշխշան պալարի դեմ: Անասնաբույժները վերցնում են արյան նմուշներ բրոցիլյոզ հիվանդության հայտնաբերման նպատակով: Համայնքների ղեկավարներն աջակցում են նրանց, եւ հարկ եղած դեպքում իրազեկում մարզպետարանին:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ամփոփելով այս տարվա մարզխորհրդի նիստը` խստորեն պատվիրեց ՋՕԸ-րի տնօրեններին արհեստական խոչընդոտներ չստեղծել գյուղացիների համար, եւ ջրամատակարարումը սկսել ճիշտ ժամանակին` ապրիլի 1-ին: Սակայն, աշնանացան ցորենի եւ գարու համար որոշ համայնքներում ոռոգման տարեշրջանն ավելի վաղ է սկսվել: Մարզի ղեկավարը նշեց, որ ոռոգման գործընթացը մշտապես իր ուշադրության կենտոնում է, ինքն է անմիջապես հետեւելու մարզում իրականացվող ջրամատակարարման ընթացքին եւ եթե նկատի, որ ՋՕԸ-րի ղեկավարները քաշքշուկներ են ստեղծում` նրանց նկատմ ամբ կկիրառի իրավական միջոցներ: Նա նշեց նաեւ, որ բոլորի համար պարզ է, որ աշանան առատ բերքի նախապայմանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների ճիշտ կազմակեպումն է:
Զեկուցներով հանդես եկան նաեւ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Արտավազդ Օրդոյանը եւ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը: Վերջինս խոսեց համայնքների կողմից իրականացվող հարկատեսակների հավաքագրումներին:
Լիլիթ Մաճկալյան