ԱՄՆ-ի իրավապահները բացել են ահաբեկչի iPhone-ը առանց Apple-ի օգնության
Apple ընկերության եւ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական վեճն ավարտված է: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վեճի առարկա հանդիսացող Սան Բերնարդինոյի ահաբեկչի արգելափակված հեռախոսից հաջողվել է ստանալ բոլոր տեղեկությունները, եւ իրավապահներին այլեւս անհրաժեշտ չէ Apple-ի օգնությունը՝ հեռախոսի պաշտպանվածությունը շրջանցելու համար: Քաղաքացիներին այդ հանգուցալուծումը կարծես թե չէր զարմացրել:
«Չգիտեմ, նրանց ինչի՞ն էր պետք Apple-ի օգնությունը: Կառավարությունն, ինչպես գիտենք, կարող է ցանկացած տեղեկություն ձեռք բերել», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասում է Լիզա Ալեքզանդերը:
Իր հայտարարության մեջ Apple ընկերությհունը նշել է, որ «ի սկզբանե այդ վեճը չպետք է նույնիսկ տեղի ունենար, քանի որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջը մեր համոզմամբ սխալ եւ վտանգավոր էր»: Միեւնույն ժամանակ, բաց է մնում ավելի մեծ հարց, որը վերաբերում է քաղաքացիների անձնական տեղեկությունների հասանելիությանը իրավապահ մարմինների համար:
Ռիվերսայդի բնակչուհի Թերեզա Քազալի խոսքով, արդի վտանգները փոխում են նաեւ ավանդական «խաղի կանոնները».
«Ահաբեկչության հետ կապված այս վախը, կարծում եմ, շատ բան է տակն ու վրա անում եւ մեր ազատություններից ոմանք անհրաժեշտ է զիջել»:
Սակայն, բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ եթե անձնական տվյալները հասանելի են իրավապահներին, ապա դրանք հասանելի են բոլորին, ուստի, մարդու անձնական հեռախոսի կամ համակարգչի տվյալները պետք է հասանելի չլինեն ոչ ոքի: Իրավապահները նրանց հետ համաձայն չեն, բերելով բազմաթիվ օրինակներ, երբ մեղադրյալների հեռախոսների մեջ պարունակվող տվյալների շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ հանցագործություններ:
Վերլուծաբանների եւ փորձագետների կարծիքով, 21-երրորդ դարում մարդու անձնական տվյալների գաղտնիության հարցը դառնալու է հաջորդ տասնամյակների բազմաթիվ վեճերի առարկա: