Ավելի լավ է աջակցել հայ ակտիվիստներին, քան քննադատել թուրք-ադրբեջանական լոբբինգը
Տարիներ շարունակ բազմաթիվ քննադատական գրքեր և հոդվածներ են գրվել օտարերկրյա և տեղական խմբերի մասին, որոնք լոբբիստական ընկերություններ են վարձում կամ քարոզչական նվիրատվություններ անում պետական պաշտոնյաների վրա ազդելու նպատակով:
Անցյալ շաբաթ Լ. Մայքլ Հեջերը նման մի հոդված հրապարակեց Foreign Policy Journal-ում՝ «AIPAC-ը կարող է գնել լավագույն Կոնգրեսը» վերնագրով: AIPAC-ը Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի հապավումն է: Հոդվածագիրը ընդունում է, որ «անօրինական կամ բարոյապես անընդունելի ոչինչ չկա Կոնգրեսի անդամների կամ թեկնածուների լոբբինգի մեջ: Իրականում, այն կարող է ծառայել օգտակար նպատակի՝ ուսուցանելով անդամներին և թեկնածուներին որոշ հարցերի վերաբերյալ: Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ լոբբիստները գումարներ են օգտագործում առաջարկվող օրինագծերի կամ բանաձևերի անցկացումն ապահովելու կամ աջակցություն գնելու համար»: Սակայն այս մեղմ նախաբանից հետո, Հեջերը եզրակացնում է, որ «հանուն մեր ժողովրդավարության, պետք է դադարեցվի շահագրգիռ խմբերի փողերի հոսքը, որով կաշառում են մեր ընտրված օրենսդիրներին»:
Հեջերը նշում է, որ «ոչ մի տեղ որևէ քաղաքական լոբբիի ազդեցությունը և իշխանությունը այնքան ակնհայտ չէ, որքան Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) Քաղաքականության հարցերով ամենամյա համաժողովում», որը տեղի ունեցավ մարտի 22-24-ը,Վաշինգտոնում:
Համաժողովի բանախոսները ելույթ ունեցան «ավելի քան 15 հազար իսրայելամետ ամերիկացիների առաջ (ներառյալ ներկայիս Կոնգրեսի անդամների 2/3-ը): Բանախոսների թվում էին ԱՄՆ Կոնգրեսի 30 անդամներ, որոնցից 25-ը ստացել են 2016 նվիրատվություններ իսրայելամետ քաղաքական ակտիվ խմբերից և անհատներից: Այս 25 անդամներից յուրաքանչյուրն ստացել է միջին hաշվով 36 000 դոլար (ընդամենը 908 000 դոլար): AIPAC-ը այդ բանախոսներից յուրաքանչյուրից ստանում է բարձր մակարդակի աջակցություն Իսրայելի համար»:
Հեջերը հաղորդում է, որ AIPAC-ի համաժողովին հրավիրված էին շուրջ 400 բանախոսներ, ներառյալ «փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Թեդ Քրուզը և Ջոն Կասիչը»: Հեղինակի խոսքերով՝ «AIPAC-ը 212 927 դոլարի նվիրատվություն է արել Հիլարի Քլինթոնի և 203 850 դոլարի Թեդ Քրուզի համար: Մարկո Ռուբիոն ստացել է 132 552 դոլար, իսկ Լինդսի Գրահամը՝ 74 200 դոլար: Զարմանալի չէ, որ այդ բոլոր թեկնածուները խոստացել են «լիակատար աջակցություն» Իսրայելին»:
Հեղինակը «AIPAC-ի գլխավորած իսրայելական լոբբին» համարում է «թերևս ամենաուժեղ, ամենակազմակերպված և առավել արդյունավետ լոբբիստական ցանցը Վաշինգտոնում: 2015-2016 թթ. ընտրական փուլում իսրայելամետ ցանցն արդեն հատկացրել է 4 միլիոն դոլարից ավելի նվիրատվություններ: Ամենամեծ գումարը (259 688 դոլար) գնացել է Նյու Յորքի սենատոր Չարլզ Շումերին»:
Հեջերը բացատրում է, որ «AIPAC-ը ինքնին չի կատարում քաղաքական նվիրատվություններ և, ըստ էության, դա օրենքով արգելված է: Դրա փոխարեն նա օգտագործում է իր զգալի միջոցները (3 մլն դոլարի տարեկան լոբբիստական բյուջե)՝ Կոնգրեսի ներկայիս և ապագա անդամներին կապելու իսրայելամետ դոնորների հետ: AIPAC-ի անպարտելիության կանխատեսումը քաջալերում է քաղաքական թեկնածուներին և պաշտոնյաներին ընդունել իսրայելամետ նվիրատվությունները կամ ռիսկի դիմել՝ տեսնելով, թե ինչպես են այդ միջոցները գնում իրենց հակառակորդներին: Օրինակ՝ նախկին կոնգրեսական Փոլ Ֆինդլին և նախկին սենատոր Չարլզ Փերսին կորցրեցին իրենց աթոռները AIPAC-ի գծին հավատարիմ չմնալու պատճառով»:
Հեղինակի քննադատությունները բխում են նրա մտահոգությունից, որ «շահերի բախման երևույթը խարխլում է քաղաքացիների վստահությունը իշխանության հանդեպ: Հաշվի առնելով գումարի խիստ կարևորությունը վերընտրվելու քարոզարշավներում՝ քաղաքական նվիրատվությունները, ինչպես վերոնշյալը, ունակ են փչացնելու կամ տպավորություն ստեղծելու ազնիվ պաշտոնյաների կոռումպացման մասին»:
Հեջերը ընդունում է, որ AIPAC-ը «միայն մի մասն է ավելի լայն պատկերի, որ գերակշռում է կոնգրեսական դրամահավաքի և լոբբիստական նվիրատվությունների միջոցով», ինչպիսիք են «Պաշտպանության, դեղագործության, ԱՄՆ-ի հրաձգային ազգային ասոցիացիայի (NRA) և այլ լոբբիներ…»:
Իմ կարծիքով, լոբբիստական ընկերությունների և նրանց պատվիրատուների քննադատությունը արդարացված է այն ժամանակ, երբ նրանք խախտում են Միացյալ Նահանգների օրենքները: Այնուհանդերձ, ավելի կարևոր է ուժեղացնել սեփական լոբբիստական ջանքերը, քան նսեմացնել ուրիշների արածը: Թեև հայկական տեսանկյունից անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել Թուրքիայի և Ադրբեջանի վարձած լոբբիստական ընկերություններին, սակայն հայերը պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես աջակցել հանրային կապերի երկու կազմակերպություններին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարին և Հայ դատի հանձնախմբին: Չնայած իրենց սահմանափակ թվով աշխատակիցներին և ռեսուրսներին՝ Ամերիկայի այս երկու հայկական խմբերը հաջողությամբ դիմակայում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարներով վարձված խոշոր լոբբիստական ընկերությունների գործունեությանը:
Բարեբախտաբար, Ամերիկայի հայկական խմբերն իրենց քաղաքական նպատակներին հետամուտ լինելու համար նման հսկայական գումարների կարիք չունեն Վաշինգտոնում, քանի որ շատ ավելի քիչ ծախսեր են անհրաժեշտ իրենց արդար գործը ճշմարտացիորեն ներկայացնելու համար, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք ստիպված են ահռելի գումարներ ծախսել քաղաքական գործիչներին և հասարակությանը խաբելու համար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի