ԱՄՆ-ը իրանցի ցանցահեններին մեղադրել է վտանգավոր կիբերհարձակումների մեջ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը 7 իրանցու է մեղադրել Նյու Յորքի ամբարտակի IT-ենթակառուցվածքների ու 50 ֆինանսական ընկերությունների վրա ցանցահենային հարձակումներ գործելու մեջ:
Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ ցանցահեններն աշխատել են Իրանի կառավարության համար, իսկ կիբերհարձակումները, որոնք իրականացվել են 2011-2013թթ., ամենայն հավանականությամբ, համաձայնեցված են եղել իրանական ընկերությունների հետ:
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը մեղադրում է այլ երկրի կառավարությունների հետ առնչություն ունեցող մարդկանց այնպիսի խոշոր ոլորտների օբյեկտների վրա ցանցահենային հարձակումների մեջ, ինչպիսիք են ֆինանսներն ու ջրամատակարարումը:
«Այդ հարձակումները սպառնում էին մեր տնտեսական բարեկեցությանն ու ազնիվ մրցակցությանը գլոբալ շուկայում: Մենք վստահ ենք, որ դրանք կազմակերպվել են ընկերությունների գործունեությունը խափանելու ու ամերիկյան շուկայում օնլայն-օպերացիաները վնասելու նպատակով»,- հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչը:
Լինչը հայտնել է, որ կիբերհարձակումների արդյունքում վնասը կազմել է տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ըստ ամենայնի, Իրանը չի ուղարկի իր քաղաքացիներին ԱՄՆ կամ չի կալանավորի նրանց, սակայն, ինչպես հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին, մեղադրանք ներկայացնելն ինքնին արդեն կարևոր է: