
Սիրիական Պալմիրայում ռուս հատուկ ջոկատային է սպանվել

Սիրիայում մարտական առաջադրանքի կատարման ժամանակ սպանվել է ՌԴ ԶՈՒ հատուկ օպերացիաներին մասնակցող սպա, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով «Խմեյմիմ» բազայի ներկայացուցչին:
Վերջինիս խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Պալմիրայից ոչ հեռու գտնվող Թադմոր բնակավայրում: Սպան զբաղվել է ԴԱԻՇ-ի դիրքերը ավիացիային հուշելով: Ավիաբազայի ներկայացուցիչը հայտարարել է, որ հատուկ ջոկատայինը դրանով մեկ շաբաթ էր զբաղվում, սակայն արդյունքում նրան նկատել են:
Պալմիրան վերջին ամիսներին գտնվում էր ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, սակայն մարտի 24-ին Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնեց, որ կառավարական զորքերին հաջողվել է գրավել քաղաքը:
Սիրիայում ռուսական հատուկ ջոկատայինների ներգրավման մասին հայտնի դարձավ միայն մարտի 23-ին: ՌԴ Զինված ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարեց, որ ռուս հատուկ ջոկատայինները զբաղվում են հետախուզությամբ ու ինքնաթիռներին օբյեկտների տեղերը ցույց տալով:
Մինչ այդ ռուսական իշխանությունները պնդում էին, որ սահմանափակվելու են Սիրիայի տարածքում ավիահարվածներով ու մտադիր չեն ցամաքային որևէ օպերացիա անցկացնել:
Հատուկ ջոկատայինը ռուս վեցերորդ զինծառայողն էր, որը սպանվել է Սիրիայում: