Բաժիններ՝

«Ի՞նչ է սերը». Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին պարզաբանում է Բրիտանական ակումբը

Մարտի 22-ին  LOFT ժամանցի և ինքնազարգացման կենտրոնում Բրիտանական ակումբը Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանրային քննարկում էր կազմակերպել, որին հաջորդեց ժամանցային երեկոն։ Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ով ակումբի հայտարարած էսսեների մրցույթի հաղթողներին հանձնեց մրցանակները։

Հանրային քննարկումը ծավալվեց ակումբի վեց բանախոսներ` լրագրող, հաղորդավար Արտակ Վարդանյանի, դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի, մշակութաբան Վարդան Ջալոյանի, գրականագետ, քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանի, նկարիչ, արվեստի քննադատ Արման Գրիգորյանի, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Երեկոյի հատուկ հյուրերն էին կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, ով հավաքվածներին ներկայացրեց շեքսպիրյան մոտիվներով կինոէկրանիզացիաների մի քանի տարբերակներ, և կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, ով հանդիպման ավարտին խոսեց առաջին անգամ հայերեն ամբողջական Շեքսպիրի հրատարակման՝ իր նախաձեռնության մասին։

995376_10204236157062820_7830748083611698827_n

Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը, գրական ստեղծագործության կոնտեքստում առանցքային թեմա դարձած՝ «Ի՞նչ է սերը» հարց-ձևակերպումն ակումբի վեց բանախոսների տեսանկյունից վեց տարբեր վարիացիաներ առաջ քաշեց:

Կարդացեք նաև

«Սերն ամուսնության հետ ոչ մի կապ չունի»,- դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը, օրինակ, սիրո դրսևորման, սիրո տևողության, սիրո ձևակերպումների, էվոլյուցիաների, ռևոլյուցիաների և ետընթացների վերաբերյալ իր տեսլականը հիմնական իմաստով այսպես ձևակերպեց:

12524408_10204236154062745_4008843322954332415_n

Գրականագետ, քաղաքական գործիչ Անուշ Սեդրակյանի խորին համոզմամբ, ով նույնպես հանրային քննարկման ակումբի վեց բանախոսներից մեկն էր՝ սերը նույնքան երիտասարդ է և միամիտ, ինչպես այն ապրած Ռոմեոն և Ջուլիետը:

Անուշ Սեդրակյանը դեմ է ընդունված այն կարծրատիպին, թե «Ռոմեո և Ջուլիետը» տխուր, ողբերգական պատմություն է. «Ժամանակակից մարդու մոտ հարց է առաջանում՝ իսկ եթե նրանք նախատեսված էին ճակատագրով միմյանց համար, ապա ի՞նչն է խնդիրը, որ հանկարծակի այդպիսի ողբերգական վախճան է ունենում այդ հարաբերությունը: Կարող եմ ասել, որ դա ուղղակի շեքսպիրյան ընտրությունն էր՝ ողբերգությունը»:

Anush Sedrakyan

Մինչ մյուսները կքննարկեն գրականագետի տեսլականը՝ դասական գրականության վեհ գաղափարների առնչություններով, ակումբի մեկ այլ բանախոս՝ երիտասարդ լրագրող, հաղորդավար Արտակ Վարդանյանը շտապում է պատմել իր հարևան Ջուլիկ տատիկի սիրո տխուր պատմությունը՝ «Ռոմեո և Ջուլիետ» vs «Ռոմիկ ու Ջուլիկ». «Շեքսպիրի այս ստեղծագործությունը միշտ արդիական է, և այն միշտ կարելի է համեմատել տարբեր ժամանակների ու ժամանակահատվածների սիրո դրսևորումների հետ: Ես դա որոշակի առումներով համեմատել ու բերել եմ մեր օրեր, թե ինչպես, օրինակ, մեր օրերում սիրո տոտալ, իսպառ բացակայություն է: Կենցաղային խնդիրների հիմքում սերը մղվել է երկրորդ պլան…»,- ճիշտ այնպես, ինչպես երիտասարդի տարեց հերոսուհու՝ Ջուլիկ տատիկի կյանքն է:

Ահա մշակութաբան Վարդան Ջալոյանի խոհերում պատկերը կարդինալ առումով այլ է՝ «Ջուլիետը և Անուշը. ձեռնոց նետել ընտանիքի, պետության և եկեղեցու օրենքներին»:
Ռոմեոյի և Ջուլիետի սերը հեղափոխություն էր՝ ըստ Վարդան Ջալոյանի տեսլականի. «Ի՞նչ հեղափոխություն էր դա, առաջին հերթին՝ հեղափոխություն եկեղեցու դեմ, բայց դա չի նշանակում, որ սա հակաքրիստոնեական արարք է հանդիսանում՝ հակառակը՝ ես կասեի՝ և´ Հիսուս Քրիստոսը, և´ Պողոս առաքյալն այս առումով հեղափոխականներ էին: Դուրս գալով երկու կլանների դեմ՝ Ռոմեոն և Ջուլիետը հանդիսանում են սոցիալական հարաբերությունների, պետության դեմ ապստամբներ»:

Vardan Jaloyan

Ակումբի բանախոս, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի տեսակետը խարսխված էր ողբերգության առկա հիմնական առանցքային գործողություններից՝ սուիցիդ երևույթի շուրջ. «Կարո՞ղ է արդյոք սուիցիդը լինել փոփոխության գործիք: Եվ ընդհանրապես որքանո՞վ է արդյունավետ նահատակման և զոհաբերերության մոդելը սակրալացնելու միջոցով որևէ հանրային խնդրի լուծման հասնելը»: Բանախոսը մերժում է սուիցիդն ու հիմնավորում սեփական մերժումը. «Զոհաբերությունը, որպես միջոց, ելք ու հաղթանակ դիտարկելով՝ Շեքսպիրը զոհաբերում է իր հերոսներին, նահատակում, զրկում անձնական երջանկության ու միաձուլման հասնելու հնարավորությունից, սակայն լուծում խաղաղության հանրային պայմանագրի խնդիրը: Անձնական կյանքի իրավունքն ու անձեռնմխելիությունը դիտարկվում է երկրորդական մի բան, խաղաղության հասնելու ճանապարհն էլ անցնում է մարդկային կյանքերի զոհաբերության միջով: Արդյո՞ք խաղաղության պայմանագրի հնարավոր է հասնել՝ առանց նահատակների, թե՞ դա անխուսափելի և անփոփոխելի է…»:

Zara Hovhannisyan

«Ի՞նչ է սերը» հարցի պատասխանից է կախված մեր ապագան: Նկարիչ, արվեստի քննադատ, համադրող Արման Գրիգորյանն օրակարգի հարցն այսպես է ձևակերպում. «Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետն» ուզում եմ դիտարկել մեզ համար այսօր կարևոր խնդիրների տեսանկյունից՝ զուգահեռներ տանելով Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հետ, որը մեզանում արդարացիորեն ընկալվում է՝ իբրև շեքսպիրյան հանճարեղ պիեսի յուրօրինակ վերաշարադրում:

1655944_10204236164303001_6639162170848124078_n

Առավել հաճախ այս երկու պատմություններն ընկալվում են՝ իբրև ռոմանտիկական սիրո բարձրակետեր, Թումանյանինը դեմ չէի լինի «ռոմանտիզմ» բառով բնորոշել, սակայն Շեքսպիրի դեպքում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» հնարավոր չէ միայն գեղագիտական սահմանների մեջ դիտարկել, ինչպես և «հարեմի վարդ» Աիշայի պատմությունը Ղուրանի մեջ՝ անտեսելով կրոնաբարոյական համատեքստը: Շեքպիրի «Ռոմեո և Ջուլիետը» քրիստոնեական աշխարհում կրոնաբարոյական հակասական պատկերացումների մեջ հստակություն մտցնող կարևորագույն մի տեքստ է, որը հսկայական ազդեցություն է թողել ինչպես՝ աբրահամյան կրոնների, այդ թվում նաև՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների, այնպես էլ՝ ամենատարբեր մշակութային հիմքեր ունեցող մարդկանց վրա»:

Zaven Boyajyan

Քննարկումն ավարտվեց կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանի՝ առաջին անգամ հայերեն ամբողջական Շեքսպիր հրատարակելու՝ իր նախաձեռնության, ինչպես նաև՝ շեքսպիրյան հայերեն թարգմանական գրականության ճակատագրի մասին զրույցով: Իր զրույցի ընթացքում թարգմանիչն ընդգծեց այն տխուր իրականությունը, ըստ որի՝ Շեքսպիրի հրատարակությունների կամ ամբողջական շարքի հրատարակության ճակատագիրը հայ իրականության մեջ պարադոքսալ կերպով ավելի շատ հոռետեսության կամ ողբերգության տեղիք է տալիս: Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին՝ մինչև օրս հայերեն լիակատար «Շեքսպիր» գոյություն չունի, թեև ինքը՝ Զավեն Բոյաջյանը, ինչպես ասաց իր զրույցում՝ իր ողջ կյանքի ընթացքում իրեն հետապնդող սևեռուն մտքերից մեկը եղել է հայերեն լեզվով լիակատար Շեքսպիր ունենալու միտքը, որին ինքն արդեն լծվել է՝ տարիներ առաջ, ինչի համար թարգմանիչն իր շնորհակալությունը հայտնեց «Անտարես» հրատարակչությանը:

12105721_10204236165623034_5326024254011136513_n

Բրիտանական ակումբը Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ակումբի հայտարարած «Ռոմեո և Ջուլիետ. սիրո մեծ փորձություն» թեմայով էսսեների մրցույթի երեք հաղթողներին հանձնեց իրենց մրցանակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս