Ահաբեկիչները մոտ ապագայում նոր հարձակումներ են պլանավորում Եվրոպայում. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ ահաբեկչական խմբավորումները պլանավորում են մոտ ապագայում նոր հարձակումներ իրականացնել Եվրոպայում, հայտնում է Reuters-ը:
«Ահաբեկչական խմբավորումները շարունակում են նոր հարձակումներ պլանավորել Եվրոպայի տարածքում մոտ ապագայում՝ որպես թիրախներ ընտրելով մարզական միջոցառումները, զբոսաշրջային տեսարժան վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտային ենթակառուցվածքները»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է ամերիկացիներին Եվրոպա «ճանապարհորդելու պոտենցյալ ռիսկերի» մասին՝ կապված Բրյուսելի ահաբեկչությունների հետ: «ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Եվրոպա կատարելիք ճանապարհորդությունների պոտենցյալ ռիսկերի մասին, ներառյալ Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը»,- ասված է հայտարարության մեջ:
Ամերիկացիներին խորհուրդ է տվում լինել զգոն՝ հասարակական տրանպորտից օգտվելիս կամ մարդաշատ վայրերում գտնվելիս, հատկապես կրոնական տոների, խոշոր փառատոների ու միջոցառումների ժամանակ:
Խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց կուտակումներից, հետևել տեղի իշխանությունների ցուցումներին ու նորություններին:
Փաստաթղթերը տարածվել են ահաբեկչական հարձակումների ֆոնին, որը երեկ տեղի է ունեցել Բրյուսելում:
Հիշեցնենք, որ Բրյուսելում ահաբեկչություններին զոհ է դարձել 34 մարդ, ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածք: Հաղորդվում է, որ զոհերի ու տուժածների թվում կա 40 երկրի քաղաքացի:
Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: