Քաշաթաղում պտղատու այգիներ են ցրտահարվել

Մարտ ամսում տեղացած ձյան և 0-ից ցածր ջերմաստիճանի հետևանքով Քաշաթաղի շրջանում պտղատու այգիները ցրտահարվել են:
Քաշաթաղի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ հատկապես վնասվել են պտղատու այգիների ծաղկած ծառերը՝ ծիրանենին նշենին, բալենին, հոնը, տանձենին և սալորենին: Բացի այդ՝ Ժամանակավորապես դադարեցվել է գարնանացանը:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի տեղեկատվությամբ այս տարվա բերքի տակ կատարվել է 15 հազար 890 հա աշնանացան, որից 8490 հա ցորեն և 7400 հա գարի: Շրջանի գյուղոլորտի պատասխանատուն կարևորել է աշնանացանի ցանքատարածքներում մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները ժամանակին ամբողջությամբ ավարտելու հանգամանքը: Կատարվել է նաև 600 հա տարածքի պարարտացում, իսկ 200 հա-ի վրա իրականացվել է պայքար մոլախոտերի դեմ: Նախատեսված է՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ցանքատարածքներում իրականացնել հակահրդեհային աշխատանքներ՝ արտերի եզրերը հերկել, հնարավորինս ոչնչացնել փշերն ու մացառները:

Ընթացիկ տարվա մարտ ամսվա տվյալներով Քաշաթաղի վարելահողերում գարնանացանի համար կատարվել է 1657 հա հերկ և 659 հա ցանքս, որից 15 հա ցորեն, 134 հա գարի, 510 հա հաճար և 13 հա առվույտ: Կատարված հերկի վրա նախատեսվում է մշակել մոտ 100 հա բանջարաբոստանային մշակաբույսեր, 20 հա արևածաղիկ և 40հա հնդկացորեն:

Ըստ համայնքներից ստացած հայտերի՝ գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար շրջանին անհրաժեշտ է 525 տոննա ազոտական պարարտանյութ, 3560կգ եգիպտացորենի, 3034 կգ առվույտի և 64 հազ. 400կգ կորնգանի սերմացու: Գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով առաջնահերթ է ազոտական պարարտանյութ, դիզվառելիք, եգիպտացորենի, կորնգանի, կարտոֆիլի և հաճարի սերմացու ձեռքբերումը: Շրջանի համայնքներին անցած տարվանից շարունակաբար հատկացվում է կորնգանի սերմացու՝ անվճար և առվույտի սերմացու՝ վճարովի: Ընթացիկ տարվա գարնանը նախատեսված է շրջանում իրականացնել մոտ 300 հա եգիպտացորենի ցանքս՝ հիմնականում ոռոգովի տարածքներում:

ԼՂՀ գյուղնախարարության կողմից անհատույց հատկացվել է 1100 թթի տնկի, որոնք բաշխվել են շրջանի համայնքներին: Լ. Սիմոնյանը տեղեկացրել է նաև, որ շրջանի մի շարք համայնքներում՝ Երիցվանք, Սարատակ, Կումայրի, Վարդաբաց, Վան, Միջնավան, Կովսական և այլն, գործում է մոտ 50 ջերմոցային տնտեսություն: Մշակվում է հիմնականում լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ. սածիլներն արդեն ծլել են: Բացի այդ՝ Սարատակում գործող ջերմոցային տնտեսությունում աճեցվում են ծաղիկներ:

Անդրադառնալով շրջանի հյուսիսային հատվածի գյուղատնտեսական խնդիրներին, գյուղվարչության պետը հայտնել է, որ 4 գյուղական համայնքներում՝ Լեռնահովիտ, Հակ, Մոշաթաղ և Հերիկ, նախատեսված է կատարել մոտ 3000հա հացահատիկի՝ հաճարի և գարու, գարնանացան: Ընդհանուր առմամբ ծրագրվում է շրջանում իրականացնել մոտ 20000 հա հացահատիկի ցանքս: Խոսելով շրջանի ոռոգման ջրատարների վիճակի մասին, Լ. Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ կառավարության որոշման համաձայն մայր առուների վրա ոռոգման ջրատարների կարգավորման աշխատանքներ են իրականացվում:

Անցած տարվա աշնանը և այս գարնանը «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ն կառավարության հատկացումներով մայր ջրատարների մաքրման և վերականգնման աշխատանքներ է իրականացրել մասնավորապես Կովսականում, Վարդաբաց-Երիցվանք ջրատարի վրա: Ավարտին կհասցվեն նաև Իշխանաձոր-Արծվաշեն և Մարտունաշեն-Գետափ ջրատարների գործարկումը, իսկ ներցանցային ջրատարների մաքրման, կարգավորման աշխատանքները պետք է իրականացվեն համայնքների միջոցներով: Լ. Սիմոնյանը կարևորել է նաև եղեգնապատ հողատարածքների մաքրումն ու մշակումը; Այս նպատակով վարձակալներին հատկացված տարածքների վարձավճարը 3 տարի չի գանձվելու:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս