«Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ընդդիմությունը պայքարում է, թե իրենց մեջ ով է ավելի ընդդիմադիր». Գառնիկ Իսագուլյան

«Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար անչափ կարևորում էի նախ՝ Սահմանդրության հետ կապված հարցի վերջնալուծումը. հիմա, անկախ յուրաքանչյուրիս գնահատականից՝ դեկտեմբերի 6-ին Սահմանադրությունը քվեարկվեց և ընդունվեց, այսինքն՝ արդեն իսկ Հայաստանն ապրում է այդ Սահմանադրությամբ: Որից հետո երկրորդ կարևոր փաստաթուղթը ԸՕ-ն է: Շատ լավ կլիներ, որ կարողանային բոլոր քաղաքական ուժերը գալ ընդհանուր հայտարարի: Մեզ համար շատ ավելի կարևոր է այն երևույթը, որ հասարակությունն ինքն ընտրությունների նկատմամբ ունենա վստահություն: Եթե լինի այդ վստահությունը, ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ, ապա դրանից հետո էական չէ, թե որ ուժը կունենա մեծամասնություն ու կստանձնի իշխանություն: Որովհետև, եթե մենք կարողանանք ապահովել ժողովրդի քվեի իրավասությունը, ժողովուրդը որոշի, թե իշխանությունն ում է տալիս, այդ դեպքում որևէ խնդիր չի առաջանա»,- նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն կարող էր թե՛ Օրենսդիր, թե՛ Գործադիր մարմիններում ունենալ բացարձակ մենիշխանություն.

«Սակայն կոալիցիա կազմեց ՀՅԴ-ի հետ, և այժմ, ըստ էության, գոյություն ունի կոալիցիոն կառավարություն: Եվ նշմարվում է, թե գալիք ընտրություններում հատկապես դիմության դաշտում ովքեր են լինելու, այսինքն՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միասնական գործընթացներին մասնակցելը, անկախ նրանից, թե նրանք միասնական ցուցակներո՞վ կմասնակցեն, թե՞ տարբեր ցուցակներով, արդեն իսկ նշմարելի է: Իհարկե, այդ ճամբարին միանալու ցանկություն ունեցող կուսակցությունների թիվը շատ-շատ է, ցավոք, այդ կուսակցություններից շատերը չունեն այն հեղինակությունը և մարդկանց քանակը, որ հայտ ներկայացնեն, ու իրենց ներկայությունը կոալիցիոն կառավարությունում լինի ցանկալի, բայց չեմ բացառում, որ մինչև ընտրություններն ինչ-որ քաղաքական ուժեր ևս կարող են միանալ այդ կոալիցիային: Ասենք, թեկուզ միայն ղեկավարների տեսքով, որոնք կընդգրկվեն այդ ցուցակներում, ինչպես հիմա»:

Նրա խոսքով՝ ընդդիմության դաշտում որևէ բան առայժմ նշմարելի չէ. «Ցավոք սրտի, ընդդիմության մեջ ընթացող գործընթացներում տեսանելի է, որ ամեն մեկը փորձում է ապացուցել, որ իր ընտրազանգվածն ամենամեծն է, որ իրենք ամենամեծ վարկանիշն ունեն, որ, եթե արդար ընտրություններ լինեն, իրենք հաղթելու են, և այլն: Բայց, ինչպես տեսնում եք, բոլոր կուսակցությունների հիմքում որևէ հիմնավորում, որպես այդպիսին, չկա, բացի այն, որ իսկապես կա հասարակության լայն զանգվածների ընդվզումը, արդարացի պահանջը: Ամենամեծ ողբերգությունն այն է, որ ընդդիմությունը պայքարում է, թե իրենց մեջ ով է ավելի ընդդիմադիր, և այդ ընթացքում չեն վարանում ստանձնել քննիչի, դատավորի, դատախազի, դատապաշտպանի, արդեն նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի պաշտոններ և վճիռներ ու դատավճիռներ են կայացնում: Եթե չկարողանան թոթափել իրենց ամբիցիաները, ապա որևէ բան ընդդիմադիր դաշտում չի ստացվի: Հորդորում եմ՝ թոթափել միմյանց նկատմամբ ունեցած անվստահությունը, մի կողմ դնել անձնական խնդիրները և փորձել միավորվել ու միասնական լուծել ընտրություններում հարցերը»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս