«Ընտրացուցակները չպետք է հրապարակվեն, բայց դրանք չպետք է լինեն բացարձակ գաղտնի». Դավիթ Հարությունյան
«Գիտեք, որ հիմնական խնդիրը կապված է ընտրացուցակների հրապարակման հետ, որն ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն է բարձրացնելու, ինչո՞ւ եք դեմ դրան»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների քննարկման ժամանակ այս հարցը նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտարարեց, որ լրատվամիջոցների թվի սահմանափակումն իրենց համար սկզբունքային հարց է, իրենք ուզում են, որ մնա հին տարբերակը ու լրատվամիջոցների թիվը չսահմանափակվի: Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենց համար ընդունելի չէ նաև պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի առաջարկած այն տարբերակը, թե այն լրագրողները, որոնք կներկայացնեն փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք, իքս ժամանակահատված է՝ արդեն աշխատում են տվյալ լրատվամիջոցում, այդ լրագրողներն առանց սահմանափակման կարող են մտնել ընտրատարածքներ:
Նշենք, որ այս տարբերակը, ըստ Դ. Հարությունյանի, ընդունելի է: Ն. Զոհրաբյանը, սակայն, կարծում է, որ այսօր այն կուսակցությունները, որ ուզում են մասնակցել ընտրություններին, կարող են հիմիկվանից գրանցել լրագրողներին ու իրենց վստահված անձանց ուղարկել՝ որպես լրագրող:
Մի շարք այլ հարցերի հետ միասին, Ն. Զոհրաբյանի համար նաև անհասկանալի է՝ ո՞ր դեպքում է քվեաթերթիկը համարվում անվավեր. «Ինչո՞ւ պարտադիր՝ չծալված թերթիկ, դա չենք կարող բոլորին բացատրել, դա ի՞նչ բան է, որ ծալված է՝ համարվում է անվավեր»:
Պատասխանելով Ն. Զոհրաբյանի հարցերին և դիտարկումներին՝ Դավիթ Հարությունյանը նախ՝ սկսեց ընտրացուցակների հարապարակվելու խնդրից՝ նշելով, որ դա չի նշանակում, որ ցուցակները պետք է լինեն բացարձակ գաղտնի. «Դրանք չպետք է հրապարակվեն, բայց դրանք չպետք է լինեն բացարձակ գաղտնի, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք մեխանիզմ, որ, ինչպես մեր վերահաշվարկի դիմումները ներկայացվում են, այնպես էլ կարող են տվյալ տեղամասի դիտորդներն ընտրացուցակը ներբեռնելու դիմում ներկայացնել: Ապացույցն ուսումնասիրում է դատարանը: Այս մեխանիզմն այլ է, պահանջի շահագրգիռ կողմերը ծանոթանում են ցուցակի հետ»:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների թվի սահմանափակմանը՝ Դ. Հարությունյանը նշեց, որ բացարձակ լուծել հարցը հնարավոր չի համարում. «Քիչ հավանական եմ համարում՝ միայն դրա համար գրանցեն ԶԼՄ-ներին, եկամտահարկ վճարեն: Ծալված լինելու դեպքում կարող է քվեաթերթիկը չդակվել, դրա համար ենք որոշել, որ չծալված լինեն»:
Անդրադառնալով ազգային փոքրամասնությունների ներկայության դրույթին՝ Դ. Հարությունյանը նշեց, որ դա պոզիտիվ դիսկրիմինացիա է՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ. «Բայց ճիշտ է, որ կուսակցութունն ինքը պետք է որոշի՝ իր կազմում ազգային փոքրամասնություններ լինե՞ն, թե՞ ոչ, դա քննարկվող հարց է»:
Ն. Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն ունի առաջարկությունների փաթեթ, ու իրենք պատշաճ կարգով կներկայացնեն դա: