Նարեկ Սարգսյանն առաջարկում է «վաստակավոր շինարարի», Արամ Մանուկյանը՝ «վաստակավոր քանդիչի» կոչում սահմանել
Այսօր ԱԺ նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է շինարարի աշխատանքը խրախուսելու համար վերականգնել խորհրդային կարգերի ժամանակ շինարարներին խրախուսելու համար սահմանված էր «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը:
Ն.Սարգսյանը նշեց, որ հարցը վաղուց է հասունացել, այս կոչումով պարգևատրվում էին շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետներ, սակայն այսօր գործող «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում բացակայում է «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը: Ըստ նրա՝ ոլորտի ներկայացուցիչներն են դիմել՝ կոչումը վերականգնելու համար:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մոնտիվացիան անհասկանալի է և այս ամենից «սովետիզմի» շատ տգեղ հոտ է գալիս. «Ես մեծապես գնահատում եմ շինարարի աշխատանքը, բայց եթե վաստակավոր չտվեցին, ի՞նչ է, վա՞տ պետք է կատարի իր աշխատանքը: Պետք է համակարգային կերպով դնել, էս անախրոնիզմը, սովետիզմը վերացնել, էդ կոչումները, որ նավթալինի հոտ է գալիս, դնել վերացնել: Աշխարհը կծիծաղի մեր վրա, անհարմար է»:
«Վաղը միջատաբաններն էլ կարող է առաջարկեն սահմանել «վաստակավոր միջատաբանի» կոչում»,- նկատեց Ն.Զոհրաբյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը համաձայնեց, որ սա խորհրդային վերապրուկ է, սակայն դա չի բացառում խորհրդային տարիների բոլոր ձեռքբերումները: Ըստ նրա՝ պետք է ընդօրինակել առաջավոր աշխարհի փորձը, որտեղ ոչ մի «վաստակավոր» չկա:
«Վաստակավոր լինելը դա հասարակության գնահատականը պետք է լինի, ոչ թե պետական հանձնաժողովի»,- ասաց Ս.Ֆարմանյանը՝ անկեղծանալով, որ սա ուղղակի առիթ կլինի, որ «վաստակավոր» կոչումը ստացած շինարարը սեղան գցի ու ընկերները շնորհավորեն իրեն:
Ֆարմանյանի կարծիով՝ ավելի մեծ հարգանք է, երբ դրսում մարդիկ գլուխ են խոնարհում արժանավորի առաջ: Նա առաջարկեց մերժել նախագիծը:
«Ձեզ արդեն մի երկու հոդվածով գնդակահարելու հիմք կա՝ Հյուսիսային պողոտան և ամեն օր վերացվող մշակութային կոթողները, եկեք գոնե էս մի հարցը Ձեր վրա վերցրեք, գոնե մի դրական բան էլ լինի»,- նախարարին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ «վաստակավորից» ու «ժողովրդականից» հրաժարվելու խիզախություն ունեցան 90-ակններին, քանի որ դա պետական կառավարման պետությանն է բնորոշ, իսկ ազատ երկրում դրանք տեղին չեն:
«Վազգեն Շինարարն ու Կարեն Դեմիրճյանը շինարարի կոչումը ստացել են առանց որևէ թղթի: Օրը ցերեկով Երևանի կենտրոնում քանդվում են կոթողները, դե եկեք «վաստակավոր քանդիչ» կոչում էլ դնենք»,- ասաց Ա.Մանուկյանը՝ փոխարենն առաջարկելով հաստատել մշակութային հուշարձանների ցուցակը, որ ոչ ոք դրանք չքանդեն ու տեղը հյուրանոց չկառուցեն: