
Փարիզում բացվել է ահաբեկչությունների հետևանքով տուժած հայտնի ռեստորանը

Փարիզում դարձյալ իր դռներն է բացել «Փոքրիկ Կամբոջա» (Petit Cambodge) ռեստորանը, որտեղ անցած տարվա նոյեմբերին ահաբեկիչների հարձակումների հետևանքով սպանվել էր 3 մարդ, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, աշխատանքի են դուրս եկել ռեստորանի բոլոր՝ 17 աշխատակիցները, որոնք այդ պահին գտնվել են ռեստորանում: Միակ փոփոխությունը ռեստորանի ինտերիերում եղել են պատերի վրա հայտնված 13 սպիտակ խորանարդները՝ ի հիշատակ ռեստորանում ու դրա հարակից տարածքներում սպանվածների:
Այցելուների խոսքով՝ ռեստորանում մնացած ամեն ինչն այնպես է, ինչպես նախկինում՝ մարդիկ, միջավայրը, խոհանոցը: Ռեստորանի այցելուների խոսքով՝ դա շատ կարևոր է հոգեբանական տեսանկյունից, քանի որ վկայում է այն մասին, որ կյանքը սկսում է ընթանալ նորմալ հունով:
Հարձակումը Petit Cambodge-ի վրա տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 13-ին: 3 զինված ահաբեկիչները դուրս էին եկել սև մեքենայից ու սկսել կրակել ռեստորանի, հարևան սրճարանների այցելուների ու անցորդների վրա: