Սեյրան Օհանյանի նվեր տունը խլում են ազատամարտիկից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդ կա Ղարաբաղի ճամփեն չգիտեր, իսկ իմ ամուսինը 30 տարեկանում ինվալիդ եկավ։ 90 հոգանոց ջոկատում էր, Վագգեն Սարգսյանի մահապարտների ջոկատում»։
Գեղեցիկը չարացած է կյանքից, ամուսնու հիվանդությունից, փողի կարիքից։ Ամուսնու՝ երկրորդ կարգի հաշմանդամ, ազատամարտիկ Ստեփան Գասպարյանի թոշակը՝ 84 հազար, եւ իր ստացած հավաքարարի աշխատավարձը կհերիքեին, որ երկու տղաների հետ ապրեր Մասիվի իր բնակարանում։ Եթե չլիներ, իհարկե, վարկը։ Ամիսը 120 հազար դրամ է ընտանիքը մուծում «Արֆին» վարկային կազմակերպությանը։ Մի ամիս կարողանում է մուծել, մյուսը՝ ոչ։
«Երկու տարի է՝ մուծում եմ, մայր գումարից 1000 դոլար եմ դեռ իջել»,– գանգատվում է Գեղեցիկը։ Վարկը վերցրել է ամուսնու սիրտը եւ ոտքերը վիրահատելու համար։ «Ծանր վիրահատություն տարավ սրտի, հետո ոտքերի տրոմբ, օպերացիա արեցին, շաքարը չի թողնում լավանա»,– պատմում է նա։ Գումարի մի մասը պաշտպանության նախարարն է տվել, բայց, միեւնույն է, վիրաբուժական միջամտությունները շատ թանկ են, նման ընտանիքների համար ոչ մատչելի։ Սեյրան Օհանյանին Գեղեցիկն ու նրա ամուսինը կրկնակի են շնորհակալ։ Այն աստիճանի, որ ներել են որդու հոգեկան խնդիրները, որոնք առաջացել են Վարդենիսի զորամասում զինվորական ժամկետային ծառայությունից հետո։ Սեյրան Օհանյանը 5 տարի առաջ տուն նվիրեց ազատամարտիկի ընտանիքին՝ գույքով-կահույքով։ Կահույքը վաճառեցին, դեղի տվեցին։ «Դեղորայքը մեր տունը քանդեց, հիմա տան գույքն էլ եմ վաճառել, մի կոյկա է մնացել ու խոհանոցը,– պատմում է Գեղեցիկը,– ես դժգոհ չեմ ՊՆ-ից։ Ինչ կարողացել են, արել են, մեր վիճակը ծանր է շատ։ Մի քիչ մակարոն, ձեթ տալիս են բարեգործականները»։
Վարկային կազմակերպությունը դատարան է տվել, տունը ձեռքներից առնում է՝ այն տունը, որ նախարարն իրենց նվիրել է։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: