Լորեն Փաուել Ջոբս. խորհրդավոր կին, ով ժառանգել է Սթիվ Ջոբսի ողջ ունեցվածքը
Լորեն Փաուել Ջոբսը ոչ միայն Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի այրին է, այլև հմուտ կին-գործարար և առատաձեռն բարեգործ: Ըստ Wealth-X-ի տվյալների՝ նա աշխարհի 50 ամենահարուստ կանանցից մեկն է: 2011թ. ամուսնու մահից հետո Փաուել Ջոբսը ժառանգել է նրա ունեցվածքը, մասնավորապես՝ Apple-ի և Disney-ի բաժնետոմսերը, որը կազմում է 14.4 միլիարդ դոլար: Չնայած նա իր անձնական կյանքի և հանգուցյալ ամուսնու հետ հարաբերությունների մասին չի խոսում, բայց վերջին տարիներին բազմիցս խոսել է իր բիզնես ձեռնարկումների և բարեգործությունների մասին:
Լորեն Փաուել Ջոբսը ծնվել է 1963թ. Նյու Ջերսի նահանգի Ուեստ Միլֆորդ ավանում ուսուցչի և ծովային օդաչուի ընտանիքում (West Milford, New Jersey):
Հայրը մահացել է օդանավի վթարից, երբ նա 3 տարեկան էր, իսկ մայրը երկրորդ անգամ է ամուսնացել: Փենսիլվանիայի համալսարանում Փաուել Ջոբսը երկու մասնագիտություն է ձեռք բերում՝ տնտեսագիտության և բիզնեսի ոլորտներում և հետո աշխատում է Ուոլ Սթրիթում՝ Merrill Lynch և Goldman Sach-ի մոտ, իսկ 1958թ.-ին մեկնում է կառավարման մագիստրոսական աստիճան ստանալու Սթենֆորդի բիզնես դպրոցում:
Հենց այդ ժամանակ է Լորեն Փաուելը հանդիպել Սթիվ Ջոբսին: Վերջինս դասախոսության ընթացքում, մինչ որպես հրավիրյալ-խոսնակ ելույթ ունենալը, մի պահ նստում է Լորենին կողքին: Իսկ ելույթից հետո Փաուելին կանչում է ավտոկայանատեղի և հրավիրում ընթրիքի: Այդ պահից սկսած՝ նրանք այլևս չեն բաժանվում:
Զույգն ամուսնացել է 1991թ. մարտին՝ Yosemite-ի ազգային այգում գտնվող Ahwahnee հյուրանոցում: Ունեցել են երեք երեխա` Ռիդը, Էրին և Եվան: Ամենակրտսերը` Եվան, այս աշնանը գնալու է քոլեջ, և մայրը կմնա ամբողջովին միայնակ: Բայց Փաուելին դա չի անհանգստացնում, քանի որ նա բավական աշխատանք ունի իրեն միայնակ չզգալու համար:
«Ես ավելի շատ ժամանակ եմ ունենում աշխատելու, քանի որ երեխաներս արդեն մեծացել են, և իրենք են իրենց գլխի տերը, իսկ ես շաբաթական 20-30 ազատ ժամ եմ ունենում»- ասել է նա Vogue-ին:
Երբ 2011թ. Ջոբսը քաղցկեղից մահացավ, նրա կինը ժառանգեց իր ողջ ունեցվածքը` Apple-ի 5,5 միլիոն դոլարի բաժնետոմսերը և The Walt Disney ընկերության 7.3% կազմող կապիտալը՝ դառնալով միլիարդատիրուհի: Փաուել Ջոբսն աշխարհի չորրորդ հարուստ կինն է:
Disney-ում ունեցած իր կապիտալը, որը Սթիվ Ջոբսի մահից հետո եռապատկվել է, կազմում է մոտ 12 միլիարդ դոլար՝ դարձնելով նրան ընկերության խոշորագույն անհատ բաժնետերը:
Չնայած նա ամուսնացած է եղել Սիլիկոնային հովտի (Silicon Valley) ամենաազդեցիկ և հզոր մարդկանցից մեկի հետ, սակայն երբեք իր ամուսնու հաջողության մեջ դեր չի ունեցել: Կրթված և խելացի լինելով՝ նա իր ուրույն ծրագրերն ու կարիերան է ստեղծել՝ հիմնականում բարեգործություններ կատարելով: «Լայն իմաստով, մենք ցանկանում ենք կիրառել մեր գիտելիքն ու փորձն ավելի շատ բարեգործություններ իրականացնելու ուղղությամբ»,- 2013թ. ասել է նա The Times-ին:
Վաղ 90-ականներին նա եղել է Terravera բնական սննդի ընկերության համահիմնադիրներից, որն արտադրում էր կիսաեփ օրգանական սնունդ, ինչպիսիք են՝ հացահատիկային մշակաբույսերը և լոբազգիները:
Ավելի ուշ նա հեռանում է Terraver-ից, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի դասավանդմանն ու իր մեծացող ընտանիքին:
1997թ. Փաուել Ջոբսը հիմնում է College Track շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որն օգնում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքների աշակերտներին նախապատրաստվել քոլեջին՝ դասավանդելով և ուղղորդելով: College Track-ն ընդլայվել է Կալիֆոռնիայի, Կոլորադոյի և Լուիզիանայի 8 տարբեր քաղաքներում:
2000-ականների սկզբին Փաուել Ջոբսը սկիզբ է դրել Emerson Collective (ի պատիվ Ռալֆ Վալդո Էմերսոնի Ralph Waldo Emerson) կազմակերպությունը, որը ներգաղթի, սոցիալական արդարադատության և կրթության ոլորտներում դրամական նպաստներ և ներդրումներ էր կատարում: Emerson Collective-ը հիմնեց AltSchool-ը, վենչուրային կապիտալի (VC-backed) վրա հիմնված դպրոց, որը նպատակ ուներ նորացնել կրթությունը՝ տեխնոլոգիաների միջոցով անհատականացնելով աշակերտական հանձնարարությունները:
Անցած սեպտեմբերին Փաուել Ջոբսը Emerson-ի միջոցով 50 միլիոն դոլար Է նվիրաբերել XQ ֆոնդին, որի նպատակն է՝ բարեփոխել դպրոցական ծրագրերը: Ֆոնդի խորհրդի ղեկավարը Փաուել Ջոբսն է:
XQ-ն կընդունի բարեփոխման դիմած դպրոցների դիմումները, ու փորձագետների խումբը կառանձնացնի այն 10 դպրոցները, որոնք կֆինանսավորվեն: Ծրագրի նպատակն է՝ ստեղծել մի դպրոց, որը լավագույնս կպատրաստի աշակերտներին և՛ կյանքին, և՛ քոլեջին: «Այն, ինչ ակնկալում են աշակերտներն իրենց ապագայի համար, և այն, ինչ առաջարկում է դպրոցը՝ ահռելի տարբերվում են միմյանցից»,- Փաուել Ջոբսն ասել է The Times-ին:
Փաուել Ջոբսը մի քանի կազմակերպությունների խորհուրդների անդամ է, այդ թվում՝ Teach for America, Conservation International, The New America Foundation: Նա նաև Միջազգային հարաբերությունների խորհրդի և Սթենֆորդի համալսարանի խնամակալների խորհրդի անդամ է:
Իր ամուսնու նման, նա հազվադեպ է իր կարծիքը բարձրաձայնում, բայց վերջերս մի քանի հարցերի շուրջ արտահայտվել է: Բացի կրթական բարեփոխումերից, Փաուել Ջոբսը բացահայտ աջակցում և ֆինանսավորում է Dream Act անունով հայտնի մի ծրագրի, որն ուղղված է փաստաթուղթ չունեցող անչափահասներին քաղաքացիություն շնորհելուն: Նա նաև նախագահական քարոզարշավում աջակցում է Հիլարի Քլինթոնի ճամբարին և նույնիսկ Time-ի «100 ամենաազդեցիկ կանայք» ցուցակում Քլինթոնին աջակցող ելույթ է գրել:
Ինչ վերաբերում է իր ամուսնու ժառանգությանը, ապա Փաուել Ջոբսը ժամանակ առ ժամանակ զբաղվում է դրանով: Նա Ուոլթեր Այզեքսոնին (Walter Isaacson) հանձնարարում է գրել Սթիվ Ջոբսի՝ մինչ 2009թ ընկած ժամանակահատվածի կենսագրականը: Չնայած շատերն ասում են, որ Փաուելն Ջոբսն այնքան էլ հետաքրքրված չէ արդյունքով, և նույն հաջողությամբ կարող էր հանձնարարել Ջոնի Այվին և Թիմ Կուկին (Tim Cook և Jony Ive), ովքեր հանրայնորեն քննադատել են թե՛ գիրքը և թե՛ այն, թե ինչպես է գիրքը նկարագրում Apple-ի հիմնադրին:
Անցյալ հոկտեմբերին նա դեմ է հանդես եկել Այզեքսոնի գրքի հիման վրա Ահարոն Սորկինի (Aaron Sorkin) ստեղծած ֆիլմի մասին, որն իր ամուսնուն տհաճ լույսի տակ է ներկայացնում: Փաուել Ջոբսը ֆիլմն անվանել է «կեղծիք» և դեմ է եղել ֆիլմի ցուցադրմանն ու անգամ անձամբ զանգահարել է Լեոնարդո Դի Կապրիոյին և Քրիստիան Բեյլին` խնդրելով հրաժարվել այդ ֆիլմում նկարահանվել:
Apple-ի խորաթափանց ղեկավարի թողած ժառանգության տնօրինումը Լորեն Փաուել Ջոբսի գլխավոր մտահոգությունն է: Հանրաճանաչ գրող Լեոն Ուիսելթիերն ասել է Vogue-ին. «Լորենը նշանակալի անձնավորություն է: Նա անուղղելի իդեալիստ է և չի ընդունում ոչ մի հեգնանք իր իդեալիզմի վերաբերյալ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Մերի Դավթյանը