ՏՀՏ ոլորտի մասնագետները դժգոհ են ԱՄՆ հյուպատոսական ծառայությունից

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու իր անդամ կազմակերպությունները դիմում են ՀՀ կառավարությանը

Տեղեկատվական ու հեղահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները մտահոգված են Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործելաոճից, ինչի արդյունքում, նրանց փոխանցմամբ՝ հազվադեպ է ոլորտի մասնագետներին ԱՄՆ մուտքի արտոնագրեր տրամադրվում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ggTaxi» ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը և հայ-կանադական ծագում ունեցող «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան այս խնդրին:

Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ պատճառները երեքն են՝ քաղաքական, բյուրոկրատական և հյուպատոսի սուբյեկտիվ նախապատվությունը: Ըստ նրա՝ սրանք են պատճառ հանդիսանում նման որոշումների համար:

Կարեն Վարդանյանի պնդմամբ՝ ոլորտի ներկայացուցիչները հիմնականում մերժում են ստանում դեսպանատնից, չեն կարողանում մեկնել ԱՄՆ գործարար համաժողովների, պայմանագրերի շուրջ բանակցություններ վարելու, սեփական արտադրանքը Սիլիկոնային հովտում ներկայացնելու: Այդկերպ, ըստ նրա՝ խոչընդոտվում է Հայաստան-Միացյալ Նահանգներ տեխնոլոգիական կապը: Իսկ Միացյալ Նահանգների ընկերություններն էլ թերահավատորեն են մոտենում ոչ միայն հայկական ընկերություններին, այլև Հայաստանին առհասարակ:

ԻՏՁՄ-ն այս խնդրի լուծման համար պարբերաբար քայլեր է ձեռնարկում: Չնայած այս խնդիրներին, ԻՄՁՄ-ն շարունակում է համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ դեսպանի և հյուպատոսական ծառայության պատասխանատուների հետ, քննարկվել են իրավիճակի հարթման տարբերակներ, սակայն փոփոխություններ տեղի չեն ունեցել:

ԱՄՆ դեսպանի հետհանդիպումների ժամանակ պլանավորվել են հետագա համագործակցությունները: Համագործակցությունները կլինեն Միացյալ Նահանգների և Պարսկաստանի, Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի միջև տեխնոլոգիական գործունեության շուրջ:

«2014 թվականից ընկերությունը 12 դիմում է ներկայացրել, որոնցից 7-ը մերժվել են: Մեր ընկերությունը զրկվում է ներդրումների պոտենցիալ հնարավորությունից մուտքի արտոնագրերի բացակայության պատճառով: Մեր ընկերությունը 2 տարեկան է ու համարվում է հաջողակ ստարտափ: Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ և պարբերաբար հրավերներ ենք ստանում, սակայն չենք կարողանում մեկնել»,- նշեց «ggTaxi» ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանը:

ԱՄՆ մուտքի արտոնագրերի մերժումների կտրուկ աճի մասին խոսեց նաև «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը՝ նշելով, որ մերժումներն ուղղակիորեն խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու իր անդամ կազմակերպությունները դիմում են ՀՀ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը, հետաքրքրված պետական, հասարակական և մասնավոր կառույցներին՝ խնդրելով աջակցել հիշյալ խնդրի լուծմանը: Կարեն Վարդանյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ամենահեռանկարային ոլորտն է, և իրենք մտահոգվում են ՏՏ ոլորտի զարգացման հիմնախնդիրներով և Հայաստանում արդյունավետ բիզնես միջավայր ունենալու ապագայով:

Ի դեպ, ըստ Կ. Վարդանյանի՝ ԱՄՆ հյուպատոսի հետ հանդիպումների ժամանակ նրանց առաջարկվել է աշխատանքային վիզա ստանալ, սակայն դա թանկ է ու ոչ նպատակահարմար, քանի որ ոլորտի մասնագետների այցը կարճաժամկետ է: Միաժամանակ Կարեն Վարդանյանն ասաց, թե ոլորտի ներկայացուցիչներին մերժում են վիզա տրամադրել՝ պատճառաբանությամբ, թե կգնան ԱՄՆ ու չեն վերադառնա, մինչդեռ ոլորտի մասնագետները, Կ. Վարդանյանի հավաստմամբ՝ նման ցանկություն չունեն:

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Հ.Գ. «Արմենպրեսն» ԱՄՆ դեսպանատնից պաշտոնական պատասխան է ստացել այս հարցի առնչությամբ: «ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ: Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում՝ նաև այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա: Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը:

ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը Հայաստանում և տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայացմանը: Նշենք միայն մեկ օրինակ. մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր-պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես՝ Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը և Նեշընըլ Ինստթրումենթսը, որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին:

ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրման գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ապահովումը և դրան զուգընթաց՝ բոլոր դիմողների գերազանց սպասարկումը: Աշխարհով մեկ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների որոշումները վիզաների տրամադրման վերաբերյալ հիմնվում են ամերիկյան այդ օրենքների ու գործող կանոնակարգերի վրա և արտացոլում են օրինական ուղևորությունները դյուրացնելու և դրան զուգընթաց՝ ԱՄՆ-ում աշխատողներին ու ԱՄՆ սահմանները պաշտպանելու մեր նպատակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս