«Չեմ կարծում, թե արժե նման մեծ աղմուկ բարձրացնել և այդ վերլուծության մեջ ծածուկ նպատակներ և մեզ անհայտ դավադրություններ որոնել». Գառնիկ Իսագուլյան
«Ինձ համար շատ տարօրինակ է, որ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծությունն այդքան բուռն քննարկումների առարկա դարձավ Հայաստանի լրատվամիջոցներում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծական հոդվածի մասին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Ինչպես հայտնի է, ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը վերլուծական հոդված էր հրապարակել, որտեղ փորձել է բացահայտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները: Այդ հրապարակումը բուռն քննարկումների արժանացավ հայկական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում:
Մեր այն հարցին, թե Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ նպատակ է հետապնդել ռուս փորձագետը՝ նման հոդված հրապարակելով, ո՞րն է եղել նման հոդված գրելու դրդապատճառը, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ ամեն մի ոլորտի փորձագետ ազատ է այդ ոլորտի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունները հայտնել և հրապարակել. «Կոնկրետ պարագայում ինձ համար շատ տարօրինակ է, որ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծությունն այդքան բուռն քննարկումների առարկա դարձավ Հայաստանի լրատվամիջոցներում, երբ ՊՆ մամլո խոսնակն արդեն իսկ անդրադարձել էր այդ հրապարակմանը և ասել, որ այնտեղ տեղ գտած տեղեկատվության հիմնական մասը չի համապատասխանում իրականությանը: Որպես ռազմական փորձագետ՝ Խրամչիխինը, ինչպես և շատ այլ փորձագետներ, ներկա տեղեկատվական բազմազանության պարագայում առանց դժվարության կարող են իմանալ ոչ միայն՝ Հայաստանի, այլ նաև՝ ԱՄՆ-ի կամ ցանկացած այլ պետության ռազմական գաղտնիք հանդիսացող որոշակի տեղեկատվություն: Նորից եմ կրկնում, դա այսօրվա նյութատեխնիկական հնարավորությունների պարագայում միանգամայն հնարավոր է»:
Գ. Իսագուլյանին զարմացնում է այն հանգամանքը, որ հայաստանյան լրատվամիջոցներն այս վերլուծությունն այնպես են ներկայացնում, կարծես իրենք ամբողջությամբ տիրապետում են Հայաստանի ռազմական բոլոր գաղտնիքներին և հաստատում են Խրամչիխինի վերլուծության իսկությունը, որը, նրա խոսքով, իրականության հետ ունի շատ քիչ եզրույթներ. «Չեմ կարծում, թե արժե նման մեծ աղմուկ բարձրացնել և այդ վերլուծության մեջ ծածուկ նպատակներ և մեզ անհայտ դավադրություններ որոնել»:
Նա կարծում է՝ լրատվամիջոցներում հարցի ավելորդ ուռճացումը գուցե թե նպատակ ունի և ուղղորդվում է որոշակի ուժերի կողմից: Նա կիսում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի այն տեսակետը, թե պետք չէ Ռուսաստանին և Ալեքսանդր Խրամչիխինին նույնացնել. «Կարծում եմ, բացի պաշտոնական տեսակետներից՝ մնացած նմանատիպ բոլոր վերլուծություններին պետք է վերաբերվել նույն կերպ՝ անկախ վերլուծությունը ներկայացնող անձի կարգավիճակից»: