Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը միացավ գյումրեցի անօթևանների համար բնակարաններ գնելու ծրագրին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնած` Գյումրիի 13 անօթևանների բնակարաններ գնելու ծրագրով դրամահավաքին: Հիշեցնենք, որ 2014թ. պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար դրամ: Հ. Աբրահամյանը բարեգործական ծրագրին մասնակցել է՝ որպես ՀՀ քաղաքացի, և ոչ՝ որպես վարչապետ:

Մինչ այդ, ծրագրին արձագանքել էին նաև ԱԺ որոշ պատգամավորներ, գործարարներ, արվեստագետներ, շարքային բազմաթիվ քաղաքացիներ, սպորտսմեններ, լրագրողներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ անօթևաններին փրկելու կոչով համայն աշխարհին էին դիմել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն ու ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Հայկ Բարսեղյանն օրեր առաջ ասել էր, որ ծրագրի հաշվեհամարներին 9 միլիոն դրամի չափ գումար կա: «Դա համարենք 2 բնակարան: Դրանից բացի, Քնարիկ Գրիգորյանը նվիրաբերել է 12 հազար դոլար՝ 1 բնակարանի համար, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ 2 հատ 3 սենյականոց բնակարան: 2 բնակարան Գենիկ Կարապետյանն է նվիրաբերել: Ընդհանուր առմամբ՝ եղավ 7 բնակարան: «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղի տնօրենը՝ 3 սենյականոց բնակարան, և Արման Սահակյանը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անունից՝ 1 բնակարան: Մենք հիմա ունենք 9 բնակարան, որոնց մեծ մասը բազմասենյականոց են և շատ երեխաներով ընտանիքների համար են»,- ասել էր գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը:

Մարտի 19-ին ծրագրի շրջանակներում անցկացվելու է աճուրդ: Լոտերի հավաքագրմանն ակտիվորեն մասնակցել են մարզաշխարհի ներկայացուցիչները: Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը նվիրաբերել է մարզակոշիկները, որոնցով 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերին է մասնակցել: Նրա հայրը՝ ըմբշամարտիկ Լևոն Ջուլֆալակյանը, նվիրաբերել է իր այն մարզակոշիկները, որոնցով նախապատրաստվելով Սեուլի 1988թ. Օլիմպիական խաղերին՝ դարձել էր չեմպիոն: Աճուրդի են դրվելու նաև համաշխարհային մեծության ֆուտբոլիստներ Ռուդ վան Նիստելռոյի, Կլարենս Զեեդորֆի, Ջենարո Գատուզոյի լուսանկարները՝ իրենց ստորագրությամբ: Լոտերի շարքում է նաև Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիայի» մարզաշապիկը` ստորագրությամբ, Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը, Վարդան Մինասյանի ստորագրությամբ գնդակ և մարզաշապիկ, «Արարատ 73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակ, Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ գնդակ: Եվս մեկ գնդակ է աճուրդի դրվելու Հենրիխ Մխիթարյանի, Սերգեյ Բոնդարենկոյի և Խորեն Հովհաննիսյանի ստորագրություններով: Աճուրդում կներկայացվեն նաև Տիգրան Համասյանի և «System of a down» խմբի անդամներ Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի ստորագրությամբ վերնաշապիկներ:

Կարդացեք նաև

Լոտերի թվում է նաև կատալոնական «Բարսելոնայի» 10 ֆուտբոլիստների ստորագրությամբ դրոշը, որը Գյումրիի անօթևաններին աջակցման ծրագրին նվիրաբերել է ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը: Այդ դրոշի վրա 2009թ. ստորագրել են Լիոնել Մեսսին, Չավին, Ինյեստան, Թիերի Անրին, Դանի Ալվեշը, ինչպես նաև՝ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Ծրագրի վերջնաժամկետը, ըստ բրիտանական Crowdfunder կայքի, մարտի 19-ն է: Անհրաժեշտ է հանգանակել 120.000 ֆունտ ստեռլինգ: Նշված գումարը չհավաքելու դեպքում, կազմակերպիչները ստիպված կլինեն հանգանակված գումարը վերադարձնել հանգանակողներին:

Լոտերի աճուրդի կայացման վայրի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա. Ծրագրի նախաձեռնողները քննարկում են ոչ միայն՝ Երևանում, այլև՝ Մոսկվայում կազմակերպելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս