«Ես մասնագետ չեմ, կքննարկենք՝ կտեսնենք». Շարմազանովը չկարողացավ մեկնաբանել ԸՕ-ի նախագծի զավեշտալի տողերը
«Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փաթեթի նախնական տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և ես մեկ առիթով ասել եմ՝ յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է նախևառաջ՝ քննարկվի մասնագիտական-փորձագիտական խմբի հետ, այնուհետև՝ հանրության: Այս փաստաթուղթը մասնագիտական-փորձագիտական խումբը քննարկել է, կա նախնական տարբերակ, որն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մեկնաբանություն տվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքների վերաբերյալ, թե նախ՝ պետք էր ԸՕ-ի նախնական տարբերակը դնել հանրային քննարկման, ապա՝ ուղարկել Վենետիկի հանձնաժողով:
Նա հավելեց, որ հիմնական քննարկումները տեղի են ունենալու ԱԺ-ում, և դժգոհությունների առիթ չկա.
«Ինչի՞ց են դժգոհ: Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, պաշտոնապես հայտարարում եմ, որ չի լինելու մի հարց, որը չի քննարկվելու: Մենք կազմակերպելու ենք լսումներ, լսելու ենք թե՛ հանրության, թե՛ ընդդիմության բոլոր առաջարկները, իշխանությունը պատրաստ է ականջալուր լինել բոլոր առաջարկներին: Մեր խնդիրն է՝ ունենալ ավելի ժողովրդավարական Ընտրական օրենսգիրք, որի արդյունքում հասարակության վստահությունն ընտրական մեխանիզմների, ընտրական պրոցեսների և ընտրության արդյունքի վերաբերյալ կլինի դրական»:
Նրա խոսքով՝ նոր Ընտրական օրենսգիրքը ո՛չ վերարտադրության, և ո՛չ էլ ձևական ֆասադային փոփոխությունների համար է.
«Նպատակն է՝ հանրության մոտ բարձրացնել վստահության մակարդակը: Ունենք քաղաքական կամք, որպեսզի չլինեն հետընտրական ոչ հաճելի զարգացումներ, որ ընդդիմությունն առանց հիմքի չասի, որ հաղթել են: Անկախ նրանից, թե որ ուժը կհաղթի, կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի: Դրա համար պետք է հանգենք կոնսենսուսային տարբերակի, լսենք բոլորին: Չենք ասում՝ բոլոր առաջարկներն ընդդիմության ընդունվելու են, չկա մի իշխանություն, որ բոլոր առաջարկներն ընդունի, բայց ռացիոնալ իրատեսական առաջարկները պատրաստ ենք ընդունել: ԸՕ-ի վերջնական տարբերակը կձևավորվի քաղաքական ուժերի վերջնական քննարկումների արդյունքում»:
Ընդդիմությանը նա խորհուրդ տվեց ոչ թե՝ պահանջներ ներկայացնել, այլ՝ առաջարկներ՝ հիշեցնելով, որ «կատեգորիկ խոսքը քաղաքական լեզուն չէ, պետք է գնալ փոխզիջումների տարբերակին»:
Լրագրողը մեջբերում արեց Ընտրական օրենսգրքի նախագծից. «Վստահված անձի կողմից սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից», ապա հարց ուղղեց՝ եթե վստահված անձն է խախտում անում, ինչո՞ւ են դիտորդին հեռացնում, և նշեց, որ զավեշտալի տողեր են սրանք, որին Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես մասնագետ չեմ, կքննարկենք՝ կտեսնենք: Ես չեմ բացառում, որ կարող է տեխնիկական վրիպակ լինել: Բայց հիմնական քննարկումների ժամանակ յուրաքանչյուր մտահոգող հարցի կտրվի տրամաբանական պատասխան»:
Իսկ ընտրական տեղամաս լրագրողների թիվը սահմանափակելու և 8-ը սահմանելու վերաբերյալ նա նշեց, որ չի լինելու մի դրույթ, որը չքննարկվի. «Կքննարկենք բոլոր հարցերը, մեկի համար 8-ն է նորմալ, մեկի համար՝ 10-ը, բայց սահմանափակումներ չի կարող չլինել, շատ են լրատվական միջոցները, ընտրատարածքում, պատկերացրեք, եթե 50-60 լրագրող լինի: Մեր նպատակը լրատվամիջոցներին սահմանափակելը չէ։ Եղել են դեպքեր, երբ կեղծ լրագրողների ու կեղծ դիտորդների ենք ականատես եղել»։