Մարտի 8-ը՝ կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր
Վերջին շրջանում մեր երկրում ցանկացած տոն յուրատեսակ աժիոտաժով է անցնում՝ ծաղիկներ, փուչիկներ, սրտիկներ… Եվ բոլորովին էական չէ՝ դա ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը, մայիսի 9-ն է՝ Հաղթանակի օրը, հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, փետրվարի 14-ն է՝ սիրո հովանավոր Սուրբ Վալենտինի օրը, թե մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը: Այսօր՝ մարտի 8-ին, շատերն իրար հավերժ սեր, գեղեցկություն և երջանկություն են մաղթում, չհիշելով, որ այս միջազգային տոնի բուն խորհուրդը կանանց իրավունքների պաշտպանությունն է, հանուն որի՝ 19-րդ դարի կեսերին թեժ պայքար սկսվեց, 1910 թ.-ին Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ն ընդունել՝ որպես Կանանց միջազգային տոն, իսկ 1975թ. ՄԱԿ-ը կանանց միջազգային տարվա կապակցությամբ մարտի 8-ը հայտարարեց՝ որպես Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Որքանո՞վ են այսօր Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները: 168.am-ն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ քաղաքական ու հասարակական կին գործիչներից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով՝ մեկ դար անց խնդիրը շարունակում է հրատապ մնալ: Ըստ նրա՝ տարբեր երկրներում վեհաժողովներում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը քննարկվող առաջին հարցն է. «Կարծում եմ՝ մեր երկրում կանանց իրավունքների հետ կապված խնդիրներ, իհարկե, կան, բայց դրանք այնքան արտառոց չեն, ինչքան շատ ու շատ երկրներում, նույնիսկ՝ զարգացած: Կարծում եմ՝ տարիների ընթացքում շատ բան փոխվում է և´ կանանց իրավունքների, և´ հասարակության վերաբերմունքի առումով կանանց հանդեպ: Իհարկե, խնդիրներ շատ ունենք, և ամենակարևորը, որ երևի բոլոր երկրներում դա գոյություն ունի, խտրականությունն է՝ աշխատանքի վարձատրության հետ կապված, այսինքն՝ նույն աշխատանքի դիմաց տղամարդն ավելի շատ է վարձատրվում, քան կինը: Առհասարակ աշխատանքի շուկայում այդ խտրականության վերացումը ես համարում եմ ամենակարևորը, որովհետև կանայք իրենց ուսերին կրում են ընտանիքի բեռը, և շատ կարևոր է նրանց ապահովել աշխատանքով ու կարողանալ այնպես անել, որ սոցիալապես ավելի ապահով մակարդակի վրա գտնվեն: Իհարկե, մեր պետությունը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում, բայց կարծում եմ՝ դեռ շատ անելիք ունենք այս հարցում»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Մարտի 8-ը համարում է կանանց հանդեպ խտրականության օր. «Կանանց իրավունքների առումով ես միշտ դեմ եմ եղել պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքին, որ քվոտավորումներ պետք է անել կանանց համար, տարբեր մեթոդներ կիրառել կանանց իրավունքները պաշտպանելու համար, որովհետև հենց այդ քվոտավորումները բերում են նրան, որ մենք ի սկզբանե ընդունում ենք, որ կա անհավասարություն կանանց ու տղամարդկանց միջև: Եվ դա այն տպավորությունն է ստեղծում, թե մենք ընդունում ենք, որ դա նորմալ է, և կինն ու տղամարդը պետք է անհավասար լինեն, և պետք է արհեստական, մեխանիկական գործիքներով այդ անհավասարությունը վերացնել: Դրա համար Մարտի 8-ն էլ համարում եմ կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր»:
Ըստ նրա՝ Կլարա Ցետկինի կողմից Կոպենհագենում 1910 թ. մարտի 8-ը որպես կին պրոլետարների օր նշելը միգուցե տվյալ ժամանակի համար շատ առաջադիմական գաղափար էր, բայց այսօր այս համազգային աժիոտաժը մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, ընդգծված ֆարսը՝ կեղծ նոտաներով, իրականում կանանց հանդեպ խտրականության միամսյակ է, երբ հիշում են կանանց, հատուկ միջոցառումներ են անում, իսկ մնացած ամիսներին չեն հիշում, որ կինը նույն իրավունքներն ունի, ինչ տղամարդը, և կինը բացարձակապես ոչ մի բանով չի զիջում տղամարդուն, ավելին՝ շատ դեպքերում կինը շատ ավելի սկզբունքային է, վճռական ու ազնիվ, քան ցանկացած տղամարդ:
«Հայ կանանց մոտ կա թերարժեքության ու սեփական անձը չգնահատելու բարդույթ: Ես չգիտեմ՝ դա մենթալիտետային շեղումի՞ց է, թե՞ ինչից, բայց հայ կինն իսկապես շատ ուժեղ է և արժանի գնահատման, բայց եթե դու ինքդ քեզ չես կարողանում գնահատել, դու անընդհատ ակնկալում ես, որ քեզ սկսեն կողքից գնահատել: Չլինելով տոնամոլ, ամեն դեպքում շնորհավորում եմ կանանց և մաղթում, որ առաջին հերթին՝ իրենք իրենց գնահատեն և իմանան իրենց իրական արժեքը: Այսօր մեղմ ուժի ժամանակաշրջան է, և ցանկանում եմ, որ իրենց արժեքն իմացող կանանց թիվը շատ լինի, և մենք այնքան քիչ կախված լինենք նման տոներից, որ այս կարգի տոները դառնան պարզապես ծաղիկ նվիրելու օրեր, ոչ թե համազգային աժիոտաժ, ինչպես հիմա է»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ պետք է լինի ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության օր, ոչ թե հատուկ կանանց. «Պետք է հստակեցնել, թե ինչ ենք հասկանում՝ «իրավունքներ» ասելով: Խնդիրը հետևյալն է՝ կանանց իրավունքները ես հասկանում եմ՝ որպես կանանց պարտականությունը՝ հասարակական և պետական գործունեության մեջ լումա ունենալու: Եթե մենք ասում ենք՝ իրավունք, կարող է իրավունք ունենալ, բայց պարտադիր չլինի դա իրականացնելը: Բոլոր դեպքերում կանանց իրավունքներում իրականացումը՝ թե´ կանանց, թե´ տղամարդկանց կողմից, հստակ պատկերացումը, որ առանց մարդկության, տվյալ դեպքում՝ ՀՀ հասարակության կողմից, հնարավոր չէ կառուցել նորմալ պետություն՝ լինի դա սոցիալական, իրավական, կամ այլ: Սա է ինձ համար իրավունքների պաշտպանվածության աստիճանը»:
Լ.Ալավերդյանը նկատեց, որ չնայած կանայք ընդգրկվում են բոլոր ոլորտներում, բայց քաղաքական որոշումներ ընդունելու մակարդակում կանայք գրեթե չկան: Նա կոչ արեց այն կանանց, ովքեր ընդգրկված են քաղաքական գործընթացներում, չկատարել անիրավական կամ հակաիրավական քաղաքական որոշումները:
«Պետք է անենք ավելի շատ, քան անում ենք, և կունենանք ավելին, քան այսօր ունենք»,- հավելեց Լ.Ալավերդյանը: