Նուբարաշենում 12 տարի առաջ կատարված սպանության գործով դատավճիռը չի բողոքարկվել
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանության գործով մեղադրվող Կամսար Հակոբյանի և Անդրանիկ Երեմյանի վերաբերյալ դատավճիռը չի բողոքակվել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալներ Կամսար Հակոբյանին և Անդրանիկ Երեմյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնել են Արթուր Սարգսյանի պատվերի, այն է՝ գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը:
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2003թ. հունիսի 25-ին կրակահերթ է արձակվել Նուբարաշենի խճուղով ընթացող ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Գևորգյան եղբայրները։ Կրակոցների հետևանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գարեգին Հարությունյանը և Արկադի Գևորգյանը ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Արտյոմ Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներ Անդրանիկ Երեմյանն ու Կամսար Հակոբյանն իրենց մեղավոր չեն ճանաչել և, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, հրաժարվել են դատաքննությամբ ցուցմունք տալուց։
Դատարանն ամբաստանյալ Անդրանիկ Երեմյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև՝ անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինս երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն։ Դատարանն ամբաստանյալ Կամսար Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև՝ անձը բնութագրող հանգամանք է համարել այն, որ վերջինս երիտասարդ է։
Ամբաստանյալ Կամսար Հակոբյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Ընդհանուր իրավասության դատարանը, անդրադառնալով դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալներ Անդրանիկ Երեմյանի պաշտպան Ի.Պետրոսյանի և Կամսար Հակոբյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանի միջնորդությանը՝ ճանաչել և հռչակել իրենց պաշտպանյալների անմեղությունը առաջադրված մեղադրանքներում, քանի որ թե վկաների ցուցմունքները, թե լուսանկարով ճանաչման արձանագրությունները չեն հանդիսանում թույլատրելի ապացույցներ՝ օրենքի էական խախտմամբ ձեռք բերված լինելու հիմքով, հետևապես՝ դատարանը պարտավոր է իր դատական ակտը կայացնելիս ճանաչել այդ ապացույցների օգտագործման անթույլատրելիությունը, գտել է, որ այն ենթակա է մերժման:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալներ համաձայն՝ փետրվարի 2-ը նշված է՝ որպես դատավճռի կատարման օր: Դատավճիռը հրապարակվել է հունվարի 19-ին: