Հնարավոր է՝ «Ժառանգությունն» առանձին ներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր մոտեցումները

«Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ Ընտրական օրենսգրքի հետ կապված` իշխանությունների հետ բանակցությունների մեջ չի մտնելու: Այս մասին 168.am-ի հետ զրույցում վերահաստատեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

– ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժերին, Ընտրական օրենսգրքի հետ կապված, առաջարկում է առաջարկությունների միասնական պլատֆորմ ստեղծել: «Ժառանգությունը» միանալո՞ւ է այդ պլատֆորմին:

– Մինչև ՀԱԿ-ի այդ հայտարարությունը՝ ես ինքս ևս ասել եմ, որ գուցե նպատակահարմար լինի, որ ընդդիմությունը միասնական մոտեցում ունենա, միջազգային կառույցներին միասնական մոտեցում ներկայացնի: Մենք ՀԱԿ-ին միանալու որևէ խնդիր չունենք, եթե կուսակցությունում որոշեն՝ ընդհանուր ինչ-որ ձևաչափի մասնակցության կարիքը կա, ապա մենք կմասնակցենք: Եթե կուսակցությունն այդպիսի մոտեցում չորդեգրի, մենք որևէ խնդիր չենք տեսնում, որ ՀԱԿ մեր գործընկերները և հասարակական դաշտի ներկայացուցիչներն առաջարկներ են ներկայացնում իշխանություններին: Մենք նաև մեր մոտեցումները կհրապարակենք, թե ինչպիսին ենք տեսնում, որ պետք է լինի Ընտրական օրենսգիրքը:

– Այդ մոտեցումները նույն առաջարկությունները չե՞ն:

Կարդացեք նաև

– Ոչ թե առաջարկություններ են, այլ մեր մոտեցումներն են: Մենք նախկինում էլ շատ ակտիվ աշխատել ենք, հիմա էլ կաշխատենք միջազգային կազմակերպությունների հետ, որովհետև իշխանությունները բացառապես եթե ինչ-որ մի քայլ կատարում են, դա ոչ թե իրենց բարի կամքի շնորհիվ է լինում, այլ՝ միջազգային կառույցների ճնշման ներքո:

– Ծանոթացե՞լ եք ՀԱԿ-ի առաջարկներին, և կոնկրետ «Ժառանգության» համար այդ առաջարկներից որո՞նք են ընդունելի, և որո՞նք՝ ոչ:

– Ոչ, չեմ ծանոթացել, բայց ունենք մենք մեր առաջարկները, որոնք, կարծում եմ, հեռու չեն լինի ՀԱԿ-ի առաջարկներից, որովհետև մենք դա դեռևս 2007 թվականից անընդհատ շրջանառության մեջ ենք դնում, և կարծես թե ՀԱԿ-ի կողմից այդ առաջարկները ևս ընդունվում են, դրա համար չեմ կարծում՝ մեր և իրենց առաջարկները շատ տարբեր կլինեն:

– Եթե որոշեք առանձին ներկայացնել ձեր մոտեցումները, որքանո՞վ է հավանական, որ ընդդիմության առաջարկները կանցնեն, ավելի ճիշտ չէ՞՝ընդդիմությունը միասնական առաջարկներով հանդես գա:

– Ես կարծում եմ՝ այս դեպքում միակ ճնշման գործիքը մնում է միջազգային գործընկերները: Նույնիսկ ընդդիմությունը, եթե միասնական առաջարկներ ներկայացնի, միևնույն է՝ չի ընդունվի: Եվ վերջապես, եթե նույն բանն ասում են՝ 2 սուբյեկտներն էլ, ի՞նչ տարբերություն, դա մե՞կ թղթի տակ է ստորագրվում, թե՞ տարբեր թղթերի:

– Օրինակ, Լևոն Զուրաբյանն ասում է՝ եթե 4 հստակ առաջարկ ենք ներկայացնում՝ 15-ի փոխարեն, իշխանություններն ավելի քիչ կարևոր առաջարկներն ընդունելու հնարավորություն չեն ունենում, ու այնտեղ մնում են միայն սկզբունքային առաջարկները:

– Ես այդ առումով համաձայն եմ, որովհետև մեր մոտեցումն էլ միշտ դա է եղել, որ այն անկյունաքարային առաջարկները, որոնք կան, առաջին հերթին՝ դա ներկայացնենք, ու նոր հետո անցնենք դետալների վրա, որովհետև իշխանությունն այս դեպքում սկսում է դետալների ընդունումը, ու սկզբունքային առաջարկները չեն ընդունվում:

– Ե՞րբ պարզ կլինի՝ կմիանա՞ք ՀԱԿ-ի նախաձեռնած առաջարկների միասնական պլատֆորմին, թե՞ ոչ:

– Չեմ կարող ասել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս