«Իմ ծնողներն իրենց աղոթքները կատարում էին գաղտնի կերպով». Հարություն Իրես
Երևանի պետական համալսարանի Մշակույթի ակումբում մարտի 3-ին կցուցադրվի Թուրքիայում նկարահանված «Հոգու անարատ վիճակը» ֆիլմը, որ պատմում է Թուրքիայում ապրող մեծաթիվ ծպտյալ հայերի և ինքնությանը վերադարձածների կարգավիճակի և խնդիրների մասին: Այս մասին այսօր տեղեկացրեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ով ներկայացրեց Հայաստան ժամանած իսլամացած հայերին՝ կինոռեժիսոր-վավերագրող Ուղուր Էգեմեն Իրեսին (Uğur Egemen Ires), և ֆիլմի գլխավոր հերոսին՝ 70-ամյա տարիքում մկրտված հայ Հարություն Իրեսին (Harutyun Ires):
«Հոգու անարատ վիճակը» վավերագրական ֆիլմի երիտասարդ ռեժիսոր Ուղուր Էգեմեն Իրեսը լրագրողներին պատմեց, որ այս ֆիլմը պատկերում է իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես իր մեծ հայրը՝ Հարություն Իրեսը, որոշեց 70-ամյա տարիքում մկրտված հայ դառնալ ու վերադառնալ հայկական ինքնությանը.
«Այս ֆիլմը հիմնված է մեծ պապիկիս ու տատիկիս վեճերի վրա: Ես հիշում եմ, թե ինչպես էր մեծ տատիկս ընդդիմանում, երբ պապիկս որոշում կայացրեց վերադառնալ իր ինքնությանն ու մկրտվել: Նրանց վեճերը զազաերեն լեզվով էին, որպեսզի մենք չհասկանանք, թե ի՞նչ վտանգների մասին են նրանք խոսում, բայց քանի որ պապիկս թուրքերեն էր պատասխանում, մենք որոշակիորեն պատկերացում էինք կազմում, թե ի՞նչ վախեր ու մտահոգություններ ուներ մեծ մայրս: Այնուամենայնիվ, ես ուրախ եմ և հպարտ, որ նկարահանեցի այս ֆիլմը՝ ցույց տալով այն խնդիրներն ու իրական պատկերը, որ ունեն Թուրքիայի տարածքում ապրող ծպտյալ ու հավատափոխ հայ ընտանիքները»:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ ծերունի Հարություն Իրեսը, լրագրողներին ներկայացրեց իրենց ընտանիքի պատմությունը.
«Մենք երկար տարիներ ապրել ենք Դերսիմում: 1938 թվականին մեզ աքսորեցին Քյութաղիա, որտեղից հետագայում կրկին վերադարձանք Դերսիմ, որովհետև չունեինք աղոթատեղի: Իմ ծնողներն իրենց աղոթքները կատարում էին գաղտնի կերպով, և երբ մենք՝ այն ժամանակ դեռ տակավին մանուկներ, հարցնում էինք, թե այդ ի՞նչ են նրանք անում, մեզ հանդիմանում էին՝ ասելով, որ լուռ մնանք և չխառնվեք այն ամենին, ինչ անում են մեծերը: Նրանք մեզ արգելում էին բարձրաձայն խոսել այն ամենի մասին, ինչ մենք տեսնում էինք տանը»:
Հավատափոխ Հարություն Իրեսը պատմեց, որ դեռ վաղ պատանեկան հասակից հասցրել են զգալ դերսիմաբնակ թուրքերի կողմից իրենց նկատմամբ ունեցած տարբերվող բացասական վերաբերմունքի բոլոր հետևանքները:
«Դպրոցական տարիներին մենք դպրոցում ընդունված չէինք, մեր մասին միշտ լսում էինք՝ սրանք հայեր են, գյավուրներ են, հեռու մնացեք սրանցից… Ես դպրոցը չավարտեցի և ստիպված էի 5-րդ դասարանից դուրս գալ ու աշխատել՝ օգնելով ծնողներիս՝ հոգալու առօրյա ընտանեկան հոգսերը: Միայն հետո, շատ տարիներ անց մենք հասկացանք, թե ի՞նչ է նշանակում՝ լինել հայ, և ես որոշեցի մկրտվել՝ վերադառնալ իմ ինքնությանը: Մեր ընտանիքում միայն կինս էր դժգոհ այդ որոշումից, թեև ինքը ևս հայ էր: Նա շարունակ պնդում էր, որ մենք խնդիրներ կունենանք, որ մեզ կվնասեն, բայց ես կարողացա նրան համոզել: Հիմա, ցավոք, կինս մեզ հետ չէ, նա վաղաժամ հեռացավ կյանքից, բայց ես չեմ ափսոսում իմ այս որոշման համար»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց 70-ամյա տարիքում մկրտված հայ Հարություն Իրեսը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպել էին Հայաստան ժամանած մի խումբ իսլամացած հայեր, ովքեր պատմեցին Թուրքիայի տարածքում ապրող իսլամացած հայերի և հասուն տարիքում իրենց արմատներին վերադարձած դերսիմահայերի խնդիրների մասին, իսկ վաղը Երևանի պետական համալսարանի Մշակույթի ակումբում կցուցադրվի Թուրքիայում նկարահանված «Հոգու անարատ վիճակը» վավերագրական տեսաֆիլմը, որ պատմում է Թուրքիայում ապրող մեծաթիվ ծպտյալ հայերի և ինքնությանը վերադարձածների կարգավիճակի և խնդիրների մասին: