«Վախենում եմ, որ մարդկանց աչքում բոլորը միանման են, ու այդտեղից ձևավորվում է ընտրակաշառքի պրոցեսը». Անուշ Սեդրակյան
Ընտրակաշառքը կանխարգելելն ամենադժվար գործընթացն է. կանխարգելելու մի տարբերակ կա՝ դա մարդկանց հետ աշխատելու տարբերակն է, որովհետև ընտրակաշառքը բռնություն չէ, դա կամավոր պայմանավորվածություն է, դա կատարվում է ընտրատեղամասերից դուրս: Այս կարծիքին է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ մարդկանց պետք է հասկացնել, որ, եթե դու այդ մինիմալ գումարն այս պահին ստանում ես, իսկ վաղը կորցնում ես նույնիսկ այդ մինիմալ գումարն ունենալու հնարավորությունը, չարժե վերցնել այն, ինչ կործանում է քո ապագան:
«Ամենավտանգավորն այն է, որ ընտրակաշառքը փաստում է, որ Հայաստանի հասարակությունն իր ապագան չի կապում իր քաղաքական ընտրության հետ: Վախենում եմ, որ մարդկանց աչքում բոլորը միանման են, ու այդտեղից ձևավորվում է ընտրակաշառքի պրոցեսը: Որպես ընդդիմության ներկայացուցիչ եմ ասում՝ ընդդիմության սուրբ պարտականությունն է՝ սին խոստումներ չտալ (ընդդիմությունը պետք է ուղղակի ճշգրիտ ներկայացնի վիճակը հանրությանը) և համատեղ մտածել՝ ինչ կարելի է անել, որովհետև իշխանությունը տալիս է խոստումներ՝ չի անում, և, եթե ընդդիմությունն էլ է ներգրավվում այդ շարքում՝ տալիս է խոստումներ ու չի անում, ավտոմատ հավասարության նշան է դրվում»,- նշեց Ա. Սեդրակյանը:
168.am-ի հարցին՝ բայց ի՞նչ է արել ընդդիմությունն այսքան տարիներին ընթացքում, որով ցույց է տվել, որ տարբերվում է իշխանությունից, Ա. Սեդրակյանը պատասխանեց, որ դա իշխանական մանիպուլյացիոն թեզ է, թե ի՞նչ եք դուք արել՝ իշխանություններից տարբերվելու համար:
«Ընդդիմությունը տարիներ շարունակ Հայաստանում զրկված է եղել բոլոր հնարավոր ռեսուրսներից: Դուք ինձ ասեք՝ քանի՞ ընդդիմադիր ուժ հնարավորություն ունի Հայաստանում ունենալ հեռուստատեսային լրատվություն իրականացնելու հնարավորություն: Երբ ասում եք՝ ընդդիմությունն ի՞նչ է արել, որ տարբերվի, իսկ ընդդիմությունն ունեցե՞լ է հավասար մուտք և մատչելիություն այն քաղաքական գործիքի հանդեպ, որն իրեն կտա այդ հնարավորությունը՝ որևէ բան փորձելու, ընդդիմությունն ունեցե՞լ է ֆինանսավորվելու հնարավորություն, իսկ թե ինչպես են Հայաստանում բաշխված տնտեսական ռեսուրսները, դուք դա հիանալի գիտեք: Դրա համար ասել՝ ընդդիմությունն ի՞նչ է արել, դա հարցի սխալ ձևակերպում է, քանի որ ստացվում է՝ ընդդիմադիր դաշտում տեղակայված են մարդիկ, որոնք ուղղակի խոսում են, բայց նրանք խոսում են այն շրջանակների չափով, որն իրենց հնարավորություն է տալիս: Նրանք էլ, որոնք փորձում են ռադիկալ քայլերի գնալ, այսինքն՝ փողոցային պայքարի միջոցն են ընտրում, նրանց անհամաչափ գործողություններով կալանավորում են»,- կարծում է բանախոսը:
Նրա խոսքով՝ պետք է ասել՝ ի՞նչ է արել Հայաստանի իշխանությունը, որ Հայաստանում ձևավորվի լիարժեք գաղափարական ընդդիմություն, ինչո՞ւ է փակել դրա ձևավորման բոլոր մեխանիզմները:
Ա. Սեդրակյանը կարծում է՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմությունը կարող է առաջարկներ ներկայացնել, ու նրանք, ովքեր համաձայն են, միավորվեն այդ առաջարկների շուրջ: Հարցին՝ ՀԱԿ-ի առաջարկների շուրջ կոնսոլիդացիա կկայանա՞, թե՞ ոչ, Ա. Սեդրակյանը պատասխանեց, որ վաղ է ասել, քանի որ դեռ չկա Ընտրական օրենսգիրքը, և հայտնի չէ, թե այդ առաջարկներից քանիսն են ներառված այնտեղ: