Բաժիններ՝

«ԲԿԳ Հայաստանի գործողությունների ծրագիրը հավակնոտ չէր». փորձագետ

Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գրասենյակը հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարում պետությունների առաջընթացի մասին զեկույց: «Անկախ հաշվետվողականության մեխանիզմը» (IRM) հաշվետվությունները ցույց են տալիս, որ մի շարք կառավարություններ զգալի առաջընթաց են գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: Միաժամանակ, շատ կառավարություններ «առաջընթաց» են ունեցել փոքրամասնություններին, քաղաքացիական բողոքի ակցիաները և կառավարման մեջ հանրային մասնակցությունը ճնշելու գործում:

168.am-ն անկախ հետազոտող, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մագիստրոս Արտակ Քյուրումյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ է ցուցաբերել Հայաստանը: Նա տեղեկացրեց, որ ԲԿԳ IRM-ի հաշվետվությունը պատրաստ է, փետրվարի սկզբին ուղարկվել է կառավարություն՝ կարծիք ստանալու: Ըստ նրա, հավանաբար, հաջորդ շաբաթ արդեն պատասխանը կլինի, կքննարկեն կառավարության դիտողությունները, հետո, հանրության կարծիքը ստանալու նպատակով, կհրապարակվի www.opengovpartnership.org կայքում:

Թե ի՞նչ իրավիճակ է կոռուպցիայի հետ կապված, Ա.Քյուրումյանը նշեց, որ Հայաստանը կոռուպցիայի հետ կապված պարտավորություն չէր ստանձնել. «Հայաստանի գործողությունների ծրագիրը հավակնոտ չէր: Ստանձնել էր 11 պարտավորություն: Երկուսը, եթե լավ ձևակերպվեին, կարող էին հավակնոտ ստացվել. մեկն արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության (EITI) մասին էր, որտեղ հստակ չէր գրված, թե պարտավորության կատարման արդյունքում ինչ է լինելու, մյուսն առողջապահության ֆինանսավորման պորտալի մասին էր, որտեղ ևս գրված չէր, թե կոնկրետ ինչ տվյալներ են հասանելի լինում: Մնացած պարտավորություններն ավելի քիչ հավակնոտ և ավելի քիչ ջանքեր պահանջող էին: Մի քանիսը ժամանակին կատարվել են: Մի քանիսը դեռ ընթացքի մեջ են»:

Ա.Քյուրումյանը նշեց, որ արդեն սկսել են երրորդ գործողությունների ծրագրի մշակումը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Հայաստանը միացել է 8 երկրների կառավարությունների նախաձեռնած «Բաց կառավարության գործընկերությանը», որն անդրադառնում է տարբեր երկրներում կառավարությունների գործունեության թափանցիկությանը, որպեսզի երկրները ստանձնեն պարտավորություն՝ տեղեկատվության հասանելիության, հանրային մասնակցության և հաշվետվողականության հետ կապված հարցերի վերաբերյալ, և, թե այդ նպատակով ինչպես են կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս