Ալեքսանդր Թամանյանի ինստիտուտ-թանգարանի գոյությունը վտանգված է
Քաղաքակիրթ երկրներում թանգարաններ չեն փակվում: Դրանք նորացվում են, նորանում, վերազինվում տեխնիկական հնարավոր միջոցներով, բարելավվում են՝ թանգարանային ցուցանմուշների պահպանման, ցուցադրման ու հանրահռչակման հնարավոր բոլոր մեթոդներով: Պետությունը հոգ է տանում անելու ամենը՝ այցելուների, զբոսաշրջիկների և հետաքրքրվողների կայուն հոսք ապահովելու համար՝ սեփական երկրի մշակութային, գիտական կենտրոնները մարդաշատ ու հետաքրքիր դարձնելու համար: Երևանում իրավիճակը նկատելիորեն այլ է: Այստեղ տարերային «զարգացման» տրամաբանությամբ՝ աստիճանաբար մաքրվում է ոչ միայն՝ հին, պատմական՝ թամանյանական Երևանի դիմագիծը, այլև արդեն ուրվագծվում է դամոկլյան սուրը՝ կախված թանգարանի գլխին. փակվում է Երևանի գլխավոր նախագծողի՝ Ալ. Թամանյանի թանգարանը:
Քաղաքաշինության նախարարությունում որոշել են՝ «Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման ձևով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1401-ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1403-ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ ընդունել:
Այս մասին նախօրեին մամուլում ահազանգ հնչեց՝ Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռը՝ Գագիկ Թամանյանը, բաց նամակ հղեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված էր.
«Поздравляю, вы добились своего и отвоевали обратно банкетный зал своего министерства.
Пейте в нем шампанское!
Но знайте, что вы этим своим шагом многократно приумножили геростратову память о содеянном!
Браво, министр!
Кушайте черную икру в банкетном зале, но не забывайте, что, разрушив и уничтожив Музей Таманяна, вы никогда не восторжествуете, ибо ни пылинки из разрушенного музея не попадет в объединенный Музей архитектуры, и об этом позаботится вся моя семья».
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ճարտարապետի լոնդոնաբնակ թոռը երկրորդ բաց նամակն է հրապարակել, որում հռետորաբանորեն հնչեցնում է.
«Как отмечают 80-летие со дня смерти Александра Таманяна на следующий день после закрытия его музея»:
Պարզելու համար՝ ի՞նչ խմորումներ են հասունանում Ալ. Թամանյանի ինստիտուտ-թանգարանի անվան շուրջ, 168.am-ը հանդիպեց թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ալ. Թամանյանի ծոռ, կրտսեր Ալեքսանդր Թամանյանի հետ: Վերջինս մեր հարցերին պատասխանում էր կարճ, կոնկրետ և լակոնիկ: Զգացվում էր՝ մտահոգություն կար, և այն զգալիորեն մեծ էր ու ճնշող:
– Պարոն Թամանյան, ինչպե՞ս է ծագել այս գաղափարը՝ վերամիավորելու երկու թանգարանները:
– Դա Քաղաքաշինության նախարարության որոշումն է:
– Այն արդեն ուժի մե՞ջ է մտել:
– Ուժի մեջ մտնելու համար պետք է դառնա Կառավարության որոշում:
– Արդեն առաջարկվե՞լ է ներկայացնել առաջիկա նիստերից որևէ մեկի քննարկմանը:
– Առայժմ որևէ նիստի օրակարգում դա չկա, որքան գիտեմ:
– Քաղաքաշինության նախարարությունից Ձեզ, որպես թանգարան-ինստիտուտի տնօրեն և Թամանյանի ժառանգ, որևէ կերպ տեղյակ պահե՞լ են կամ խորհրդակցե՞լ էին, որ այդպիսի որոշման նախագիծ են մշակել:
– Չէին խորհրդակցել, բայց տեղյակ պահել էին, որ թանգարանները միավորվում են և միավորված թանգարանը վերանվանվելու է «Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» անունով:
– Այդ մասին Ձեզ բանավոր կերպո՞վ են փոխանցել:
– Այո:
– Դրա վերաբերյալ Դուք որևէ փաստաթուղթ ունե՞ք Ձեր ձեռքի տակ, կամ տեսե՞լ եք:
– Ինձ տրամադրել են միայն Կառավարության որոշման նախագիծը:
– Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս իրողությունը:
– Համարում եմ աննպատակահարմար…
– Որևէ մտավախություն տեսնո՞ւմ եք երկու թանգարանների վերամիավորման արդյունքում:
– Մտավախություններ, անշուշտ, կան: Միավորված թանգարանը, որի գործունեության տիրույթը շատ ավելի ընդարձակ է, պակաս կզբաղվի Թամանյանով՝ հետազոտությամբ, հանրահռչակմամբ, ցուցադրմամբ, և այլն:
– Ի՞նչ հեռանկար եք տեսնում միավորված թանգարանի կազմում՝ այսօրվա թանգարանի աշխատակազմի մասով:
– Ես այդ հարցի պատասխանը ստույգ չգիտեմ: Ենթադրվում է, որ որոշակի կրճատումներ, անշուշտ, կլինեն, որովհետև չի կարող մի թանգարան ունենալ, ասենք՝ երկու գլխավոր հաշվապահ կամ երկու տնօրեն, և այլն: Կրճատումներ հաստատ լինելու են, իսկ թե ի՞նչ ծավալով, ես հիմա հաստատ չգիտեմ:
– Ձեր կարգավիճակն այնտեղ ինչպե՞ս եք տեսնում:
– Այս պահի դրությամբ՝ բանավոր կերպով ինձ խոստացել են փոխտնօրենի պաշտոնը:
– Ի՞նչ են ենթադրում փոխտնօրենի գործառույթները՝ միավորված, նոր թանգարանի կազմում: Որոշումներ կայացնելու իրավասություններ կունենա՞ք, գոնե այն մասով, որը կվերաբերի թանգարանի թամանյանական մասին:
– Ես կունենամ խորհրդակցական ձայնի իրավունք, բայց ինչպես ցանկացած փոխտնօրեն՝ չեմ ունենա որոշիչ ձայնի իրավունք, դա ինքնին պարզ է: Այդ գործառույթը վերապահված է տնօրենին՝ նա է որոշում թանգարանի քաղաքականությունը և նա է կրում պատասխանատվությունը:
– Ո՞վ է լինելու միավորված թանգարանի տնօրենը, Դուք այդ մասին տեղեկություն ունե՞ք:
– Ես համոզված եմ, որ տնօրեն լինելու է ճարտարապետության թեկնածու Անուշ Տեր- Մինասյանը, ով օրերս նշանակվեց «Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի» տնօրենի պաշտոնում:
– Պարոն Թամանյան, ի՞նչ եք կարծում՝ հանելով թանգարանն այստեղից, արդյո՞ք տարածքային խնդիր չի լուծվում, արդյո՞ք այս տարածքը, որտեղ այս պահին տեղակայված է Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը, նախատեսված չէ այլ նպատակներին ծառայեցնելու համար:
– Նման բաները չեն հրապարակվում, հասկանո՞ւմ եք: Ես այդ մասին տեղեկություն չունեմ և, եթե անգամ ունենայի համապատասխան տեղեկություն, հասկանալի պատճառներով չէի կարողանա հրապարակել:
– Պարոն Թամանյան, եթե չհարցնեմ Ձեզ՝ որպես ժառանգ, այլ պարզապես մասնագետ՝ արդյո՞ք թանգարանների միավորման և քանդվող հին, պատմական Երևանի ֆոնի վրա՝ թամանյանական հետքերը մաքրելու միտում չեք նկատում:
Երկար լռություն է …
– Ձեր լռությունը համաձայնության նշա՞ն է…
– Ինձ համար այդ կապն այս պահին ակներև չէ…
– Ամեն անգամ, երբ Երևանում քանդվում է այս կամ այն պատմական հուշարձանն ու շինությունը, արդյո՞ք որևէ անգամ Ձեզանից խորհրդակցություն կամ մասնագիտական կարծիք հարցրել են:
– Ոչ:
– Իսկ երբ քանդվում է Ալ. Թամանյանի հեղինակած կառույցներից որևէ մե՞կը:
– Առայժմ քանդել են Թամանյանի միայն մեկ կառույց՝ այն կառույցը, որ մինչև վերջերս ծառայում էր՝ որպես Արտակարգ իրավիճակների նախարարության շենք՝ Պուշկին փողոցի վրա: Քանդել են մասամբ, պահպանել են ճակատային հատվածը, բայց ինձ հետ չեն խորհրդակցել… ես հնարավոր չեմ գտել դա կանխել:
– Դուք համակերպվե՞լ եք այն մտքի հետ, որ երկու թանգարանները կարող են միավորվել, անկախ նրանից՝ դա Քաղաքաշինության նախարարության առաջա՞րկ կլինի, թե՞ Կառավարության որոշում, որպես այս թանտգարան-ինստիտուտի տնօրեն և Թամանյանի ժառանգ՝ Դուք համակերպվե՞լ եք այդ մտքի հետ:
– Ես համարում եմ դա անխուսափելի:
– Ինչո՞ւ: Որովհետև այդպիսի նախադեպե՞ր գիտեք՝ թանգարաններ փակելու:
– Ես այդպիսի նախադեպեր չգիտեմ:
– Ի՞նչ ժամանակային սահմաններում է նախատեսված երկու թանգարանների միավորումը, նկատի ունեմ ՝ ե՞րբ ի մի կբերվի միավորման պրոցեսի վարչարարական մասը:
– Համաձայն ինձ տրամադրված բանավոր տեղեկությունների՝ դա կլինի 2-3 ամսից, ըստ երևույթին, երբ Կառավարությունում նախագծի որոշումն օրենքի ուժ կընդունի:
– Պարոն Թամանյան, այնպիսի նախատրամադրվածությամբ եք խոսում, կարծես մենք արդեն ընդունված որոշման մասին ենք խոսում…
– Ներեցեք, թույլ տվեք չմեկնաբանել…
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշմամբ։ Թանգարանն իրականացնում է Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և մասսայականացումը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում: