Ի՞նչ վիճակում է կառավարության կոմունիկացիաների փուլը Մարտի 1-ի գործերի հետ կապված. Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց, որ մեր երկրում հրատապ խնդիրները բազմաթիվ են, և եթե հնարավորություն լիներ, ինքը Էներգետիկայի նախարարին կհարցներ՝ ինչպե՞ս է լինում, որ նախարարությունը մի բան է հայտարարում վարկի վերաբերյալ, իսկ հաջորդ օրը ՀԷՑ-ը հակադիր հայտարարություն է անում, Սերգո Կարապետյանին կհարցներ՝ ինչո՞ւ մթերված խաղողի դիմաց գումարները չեն վճարում, երբ մարդիկ չեն կարողանում մարել իրենց վարկերը, Մշակույթի նախաևարին կամ Նարեկ Սարգսյանին կհարցներ՝ ինչպե՞ս է լինում, որ կիրակի օրով հուշարձանները քանդում են ու նախարարություններն իրար վրա են գցում:
Այնուամենայնիվ, Ա.Մանուկյանը հարց ուղղեց Մարտի 1-ի հետ կապված՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը որերորդ անգամ ՀՀ-ից 2 հարցի պատասխան է ուզում՝ ի՞նչ փոխհատուցում է տրվել զոհերի իրավահաջորդներին և ի՞նչ պատիժ է տրվել մեղավորներին: Ա.Մանուկյանը նշեց, որ Մարտի 1-ի բողոք-գանգատը ՄԻԵԴ-ում հասել է կոմունիկացիաների փուլ, այսինքն՝ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը, թե ի՞նչ ընթացքում է գտնվում գործը, բայց հանցագործություններից 8 տարի անց ՀՀ իշխանությունը ՄԻԵԴ-ից կրկին ժամկետ է խնդրել այդ հարցրերին պատասխանելու համար, մասնավորապես՝ դեկտեմբերին պետք է պատասխաներ, ժամկետ է խնդրել մինչև մարտ:
«Ի՞նչ վիճակում է կառավարության կոմունիկացիաների փուլը Մարտի 1-ի գործերի հետ կապված»,- հարցրեց Ա.Մանուկյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առաջին հարցը նախկինում հնչել էր հենց այն օրը, երբ ԱԳ նախարարն ԱԺ դահլիճում չէր և այսօր էլ նա ներկա չէ: Ըստ Դ.Հարությունյանի՝ վարչապետը հանձնարարել էր գրավոր պատասխանել, և պետք է որ Մանուկյանը ստացած լիներ պատասխան: Ամեն դեպքում Դ.Հարությունյանը խոստացավ այժմ գրավոր պատասխանել:
ՄԻԵԴ-ի հետ կապված Դ.Հարությունյանը վստահեցրեց, որ դանդաղեցնելու կամ ձգձելու խնդիր չկա, սակայն յուրաքանչյուր հարց, որ տրվում է ՄԻԵԴ կողմից, պահանջում է մանրակրկիտ աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների կողմից և դրանով է պայմանավորված ժամկետի երկարաձգումը: «Ձեր փնթի վերաբերմունքը միջազգային կառույցների նկատմամբ նույն կերպ արձագանքվում է մեզ, այսինքն՝ իրենք ադեկվատ են պատասխանում, մասնավորապես՝ ԵԽԽՎ ոչ հայանպաստ բանաձևերը կարելի է հանգիստ կապել մեր վերաբերմունքի հետ Ստրասբուրգին, Բրյուսելին, ՄԱԿ-ին, Եվրոդատարանին և այլն: Ձեր ասած պատասխանը ես չեմ ստացել, անցած տարի 2 անգամ հնչեցրել եմ հարցը:
Այն հարցերը, որ դահլիճում չի լուծվում, գնում են հրապարակ և եթե ամսի 1-ի ցույցին ինչքան վատ բառ ասեմ, որ դուք արհամարհում եք միջազգային կառույցներին, որի մեջ գտնվում ենք, ես ճիշտ կլինեմ: Իսկ եթե ճիշտ ժամանակին պատասխան տայիք, ես էստեղ սենց մեծ-մեծ չէի խոսի»,- ասաց Ա.Մանուկյանը: Դ.Հարությունյանը հարցը հռետորական համարեց, քանի որ ԱԳ նախարարը ներկա չէ, և հորդորեց հարցը գրավոր ուղղել, իսկ ՄԻԵԴ-ից ժամկետ խնդրելը նորմալ համարեց: